Մեծ Բրիտանիայի կառավարությունը պնդում է այս ամիս Եվրամիության կազմից Միացյալ Թագավորությունը դուրս բերելու մասին՝ չնայած վարչապետ Բորիս Ջոնսոնի նամակին, որը նա ուղարկել էր Բրյուսել՝ խնդրելով հետաձգել բրեքզիթը, հաղորդում է BBC-ը:

Լանկաստերի կոմսության կանցլեր Մայքլ Գոուվը հայտարարել է Sky News հեռուստաալիքի եթերում, որ կառավարությունն ունի «միջոցներ եւ հնարավորություն» ԵՄ-ից հոկտեմբերի 31-ին դուրս գալու համար:

Իր հերթին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաբը բրեքզիթի հարցով նոր համաձայնագրի օգտին իր ելույթի ժամանակ հայտարարել է BBC հեռուստաալիքին, որ վարչապետն ապացուցել է, որ «կասկածողները սխալվում են», եւ նա համոզված է, որ Մեծ Բրիտնիան կլքի ԵՄ-ը Հելոուինի օրը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նամակ էր ուղարկել Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին՝ խնդրելով հետաձգել բրեքզիթը: Ընդ որում՝ ինքը՝ Ջոնսոնը, նամակում դեմ էր արտահայտվել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը հետաձգելուն: