Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար (լիազորությունները կասեցված են), Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանը իմ հովանվորյալը չէ: NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը` անդրադառնալով Արշալույս համայնքի բնակիչների պնդմանը, թե Զարզանդ Գրիգորյանին մարզպետը հովանավորում է։

«Եթե տվյալ անձն իմ կողմից ունենա աջակցություն, ես մի շաբաթ առաջ հայտարարություն կտարածեմ, որ իր լիազորությունները դադարեցված են: Դրանք շարքային ստեր են, որոնք որոշ մարդիկ ակտիվ տարածում են: Արմավիրի մարզում չկա որեւէ համայնքապետ, որ իմ կողմից անձնական աջակցություն ստանա: Ինձանից սկսած մինչեւ ավագանու անդամներ, բոլորը պարտավորված են գործել օրենքի շրջանակներում»,-ասաց նա:

Մարզպետը հավելեց, որ իրավապահ մարմինների կողմից գյուղապետի լիազորություններն այժմ դադարեցված են եւ նրա կողմից կայացված որոշում կամ պաշտոնական փաստաթղթերը համարվում են առոչինչ:

«Համայնքում կա ավագանի, որը պետք է հաստատի այդ որոշումները, եւ այս առումով խնդիր չի առաջանա»,-հավելեց նա:

Նշենք, որ նախորդ տարվա ամռանից Արշալույս գյուղի բնակիչները պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող թիվ 48166718 քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի կողմից 2019 թվականի փետրվարի 28-ին որոշմում է կայացվել քրեական գործով մեղադրյալ ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս համայքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Զարզանդ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գյուղացիները չեն դադարեցրել բողոքի ակցիաները։

Արմավիրի մարզպետարանից հայտնել էին, որ հարուցված քրեական գործերով պայմանավորված պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցված համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը որոշումներ է կայացրել, դրանք առոչինչ կհամարվեն։ Սակայն մեզ հետ կապ հաստատած գյուղացիները բողոքում էին, որ Զարզանդ Գրիգորյանին մարզպետը հովանավորում է, նա շարունակում է համայնքի անունից որոշումներ ընդունել։