Չինաստանի Գուանսի Չժուանսի ինքնավար շրջանում դատապարտել են գործարարին, որը պատվիրել էր իր մրցակցի սպանությունը, եւ հինգ մարդասպաններին, որոնք հերթով միմյանց էին փոխանցել այդ պատվերը, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Sina-ին:

2013 թվականին գործարարը մարդասպան էր վարձել՝ վճարելով նրան երկու միլիոն յուան: Վարձու մարդասպանը որոշել էր չկատարել պատվերը, այլ իրեն թողնել վճարված գումարի կեսը եւ ինքը վարձել մեկ ուրիշ քիլեր՝ տալով նրան մնացած գումարը: Երկրորդ մարդասպանը միեւնույն սխեմայով հանձնարարել էր այդ պատվերը կատարել երրորդին, երրորդը՝ չորրորդին, իսկ չորրորդը՝ հինգերորդին:

Մարդասպաններից վերջինը, ինչպես նշում է Sina-ն, ուներ սովորական անցորդի տեսք, որին առաջարկել էին 100 հազար յուան (շուրջ 900 հազար ռուբլի), սակայն նա չէր ցանկացել սպանել այդ գումարի դիմաց եւ դիմել էր հենց զոհին՝ առաջարկելով ձեւացնել սպանությունը: Վերջինս համաձայնվել էր եւ կեղծ սպանությունից հետո որոշ ժամանակով Գուանսիից տեղափոխվել էր Շանհայ:

Շանհայից վերադառնալուց հետո գործարարը ինքն էր փորձել պարզել իր սպանության պատվիրատուին, սակայն չէր կարողացել եւ դիմել էր ոստիկանություն: Այնտեղ սկզբում կասկածել էին գործարարի պատմածի իսկության շուրջ, սակայն, այնուամենայնիվ, սկսել էին հետաքննությունը, եւ կարճ ժամանակ անց ձերբակալել երկու կասկածյալներին: Իսկ բոլոր վեց կասկածյալների մասնակցությամբ դատը կայացել է հոկտեմբերի 17-ին. մեղադրյալները դատապարտվել են ազատազրկման տարբեր ժամկետներով: