ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրառում արել:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երբ այս տարվա մարտ ամսվա վերջին այցելեցի Լեւոնին՝ նա պառկած էր վերակենդանացման բաժանմունքում՝ միացված արհեստական շնչառության ապարատին։ Լեւոնի հիվանդության մասին կարդացել էի լրատվական կայքերից մեկում։ 18-ամյա տղայի մոտ ախտորոշվել էր Գիյեն-Բարեի սինդրոմ, նա ունակ չէր շարժել ձեռքերն ու ոտքերը, անգամ ինքնուրույն շնչել։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմն ամեն ինչ անում էր նրա կյանքը փրկելու համար, սակայն Լեւոնին ծայրահեղ ծանր վիճակից հանելու միակ տարբերակը Օկտագամա դեղն էր, որի նվազագույն կիրառումը 5 օրն էր։ Դեղը բավական թանկ է, եւ մեկ օրվա օգտագործման գումարը կազմում է ավելի քան մեկ միլիոն դրամ։

Շատ ուրախ եմ ու նաեւ շնորհակալ, որ իմ խնդրանքին արձագանքեցին մեր բարերարները, ընկերները, եւ հնարավոր եղավ կարճ ժամանակահատվածում դեղորայքը ձեռք բերել։ Այս վեց ամիսների ընթացքում Լեւոնի բուժումը Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կազմակերպվել է բացառապես անվճար։

Այժմ Լեւոնը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում է, որտեղ կրկին մեր բարերարների աջակցությամբ վերականգնողական բուժում է ստանում։ Մասնագետների քրտնաջան աշխատանքի, իր համառության եւ կամքի ուժի շնորհիվ Լեւոնն արդեն ինքնուրույն քայլում է։ Համոզված եմ, որ վերականգնողական բուժումն էլ ավարտելու է մեծ արդյունքներով եւ ինչպես ինքն է խոստացել, բուժումից հետո գնալու է Էջմիածին՝ Մայր աթոռում աղոթելու»: