Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությունը, որի կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, Դիլիջանի ՈւՀԿ ղեկավար Արմեն Նուրբեկյանը անցկացրել են մի շարք հանդիպումներ:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես կայացել է պատվիրակության հանդիպումը ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթոնի Դե Լաննոյի եւ փոխտնօրեն Ռիչարդ Դորնբուշի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՀ առաքելության վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքները եւ ԱՄՀ հետ հաստատված ծրագրի կատարման ընթացքը: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի մակրոտնտեսական վերջին ցուցանիշները, ինչպես նաեւ ֆինանսական համակարգի կայունությանը միտված ԿԲ կողմից իրականացված քայլերը:

Էնթոնի Դե Լաննոյը նշեց, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի տնտեսության եւ ֆինանսական համակարգի զարգացմանը միտված քայլերը եւ ուրախ է արձանագրել գրանցված դրական արդյունքները:

Հայաստանի պատվիրակությանը ընդունել է նաեւ ԱՄՀ Միջին արեւելքի եւ կենտրոնական ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը: Նա եւս մեկ անգամ գոհունակություն է արտահայտել օգոստոսին Հայաստան կատարած իր այցելության արդյունքներից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԱՄՀ հետ Հայաստանի իշխանությունների հետ իրականացվող նոր՝ 2019թ. մայիսին հաստատված ծրագրի առաջին փուլի կատարողականի մոնիտորինգի դրական արդյունքներին՝ նշելով, ծրագրում նախանշված բարեփոխումների կարեւորությունը:

Ջիհադ Ազուրը եւ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պայմանավորվածություն են ձեռք բերել 2020թ. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում ԱՄՀ հետ համատեղ գիտաժողովի անցկացման հարցում: Կողմերը պայմանավորվել են համատեղ քննարկել գիտաժողովի անցկացման ճշգրիտ ժամկետներն ու քննարկվող թեմաների շրջանակը՝ դիտարկելով նաեւ այն ավանդական դարձնելու հնարավորությունը: