ԱՄՆ կատարած այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  հոկտեմբերի 19-ին հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ՝ տնօրեն Քոեն Դավիդսեի եւ Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի հետ:

Զրուցակիցները հանդիպումների ընթացքում անդրադարձել են «Երկրի համագործակցության շրջանակ» փաստաթղթի կարեւորությանն ու համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:

Փոխվարչապետն անձամբ իր եւ Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել աջակցության համար՝ մասնավորապես կարեւորելով Համաշխարհային բանկի կուտակած փորձն ու գիտելիքները, որոնք բարձր են գնահատվում Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից:

ՀՀ փոխվարչապետը եւ Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյաները կարեւորել են այս ամենամյա հանդիպումները համագործակցության զարգացման հեռանկարն ու հնարավորությունները քննարկելու համար: