Անցած 100 տարիները քրեակատարողական ծառայության կայացման եւ ամրապնդման կարեւոր շրջան էր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Քրեակատարողական ծառայության 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հիմքում ունենալով Ձեր՝ Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունը  եւ դրա դերը հասարակության կյանքում, արդեն 2-րդ տարին է՝ ինչ կառավարության որոշման հիման վրա հանդիսավոր արաողությամբ նշվում է քրեակատարողական ծառայողի մասնագիտական տոնը։ Ակներեւ է, որ օրացույցում մասնագիտական օր ունենալը բարձր ու պարտավորեցնող գնահատական է քրեակատարողական ծառայողների կողմից իրականացվող բարդ եւ կարեւոր աշխատանքում։ Քրեակատարողական ծառայության առջեւ դրված պատասխանատու եւ դժվարին խնդիրների լուծումը եւ առաքելությանն ուղղված Ձեր ծառայությունը կարեւոր դեր է խաղում մեր երկրի պետականաշինության գործում»,-նշեց նա։

Ավինյանը շեշտեց՝ թավշյա հեղափոխությունից հետո նոր էջ է բացվել  նաեւ քրեակատարողական ծառայության համար ․«Թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված նոր իրողությունները մեզանից բոլորից պահանջում են օրինական դաշտում անբասիր աշխատանք եւ նվիրում։ Հատկանշանական է, որ ինչպես պետական մարմինների, այնպես էլ քրեակատարողական ծառայության համար այսօր նոր էջ է բացվել , որը լի է լինելու նոր գաղափարներով, հնարավորություններով եւ գործունեության նոր սկզբունքերով»։

Նրա խոսքով՝ Կառավարությունը վճռական է քրեական պատիժների ոլորտի զարգացման, քրեակատարողական համակարգում վերասոցիալականացման գաղափարախոսության վերաիմաստավորման, վերականգնողական արդարադատության սկզբունքների լիարժեք եւ ամբողջական ծավալով գործակման հարցում։

«Կառավարությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում քրեակատարողական համակարգում առկա խնդիրները, հետեւողականերոն ձեռնամուխ է լինում  դրանց լուծմանը։ Քրեակատարողական համակարգի աշխատողների սոցիալական ապահովության եւ պաշտպանության արդյունավետ երաշխիքների հետեւողական կատարելագործումը գտնվելու է մեր ուշադրության կենտրոնում»,-հավելեց փոխվարչապետը։