Չէի ցանկանա՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործ հարուցելու գործընթացը դիտվեր քաղաքական հետապնդում, քանի որ այն գտնվում է իրավապահների դաշտում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Իրավական տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեական գործ է հարուցվել դեպքի առթիվ, եւ Հրայր Թովմասյանը որեւէ կարգավիճակ չունի այդ քրեական գործում։ Հանգամանքները պարզելու համար որոշակի մարդիկ, իհարկե, հրավիրվում են ԱԱԾ, զուտ իրավական մասով պետք է հետեւենք ընթացքին՝ հասկանանք՝ ինչ է այնտեղ կատարվում։ Քաղաքական մասով ասեմ՝ եկեք մեր մի փոքր իրականությանը վերադառնանք, վերհիշենք այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունեցել նախկինում ՍԴ նախագահի ընտրության հետ կապված, որովհետեւ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս բոլոր պրոցեսներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել։ Ես, միանշանակ, վստահ եմ, որ ՍԴ-ն, այս պահի դրությամբ, ունի լեգիտիմության խնդիր։ Չէի ուզենա քաղաքական հետապնդում դիտվեր որեւէ գործընթաց, որը գտնվում է իրավապահների դաշտում, այնուամենայնիվ, քաղաքական առումով պետք է արձանագրել, որ իրականում կա խնդիր ՍԴ-ում»,- ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ ՍԴ-ում առկա խնդիրները ինչ-որ ժամանակում որեւէ լուծում պետք է ստանան. «Քանի լեգիտիմության խնդիր կա ՍԴ-ի նկատմամբ եւ չկա վստահություն, ապա ՍԴ-ն չի կարող գործել իր լիազորությունների շրջանակում»։

Փոխվարչապետի խոսքով՝ ՍԴ-ն պետական ինստիտուտ է, որի նկատմամբ պետք է հարգանք լինի. «Բայց չենք կարող աչք փակել այն բոլոր խնդիրների վրա, որոնք այնտեղ առկա են։ Կարծում եմ, որ շարունակաբար լուծումների վրա պետք է մտածել, որովհետեւ սա համընդհանուր խնդիր է եւ խնդիր է նաեւ ՍԴ-ի համար»։

Նշենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերով հարուցվել է քրեական գործ իշխանության Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանության զավթման առերեւույթ հանցագործության փաստի առթիվ: Նա նաեւ դիմել է ԱԺ խմբակցություններին, որ իր նախաձեռնությանը քաղաքական աջակցություն ստանալու հարցով: ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» մերժել են, իսկ «Իմ քայլը» դեռ չի պատասխանել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18–ին ԱԱԾ–ում բացատրություն են տվել Հրայր Թովմասյանի հայրը՝ 75–ամյա Վարդան Թովմասյանը եւ նրա երկու թոռնուհիները։

ԱԱԾ–ից պարզաբանել են, որ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Երեկ էլ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ Հրայր Թովմասյանի եւ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերեւույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: