Վերջին ժամանակահատվածում նախաձեռնվել են վերակառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներ մի շարք քրեակատարողական հիմնարկներում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, ՔԿՀ ծառայության 100-ամյակին նվիրված միջոցառմանն ասաց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը:

«Վերջին ժամանակահատվածում նախաձեռնվել են վերակառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներ մի շարք քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում Արմավիր ՔԿՀ-ում իրականացվում են տեսակցության սենյակների հիմնանորոգման աշխատանքներ, դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: Սենյակները համալրվել են կենցաղային տեխնիկայով եւ խոհանոցային կահույքով, կահավորվելու է  մանկական սենյակ: Ուշադրության կենտրոնում է նաեւ տարիներ շարունակ չլուծված  օդափոխության հարցը: Աբովյան եւ «դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում մոտ օրերս կմեկնարկեն արտաքին եւ ներքին կոյուղու, ջրամատակարարման ցանցերի ու հանգույցների, Կոշ ՔԿՀ-ում ճաշարանի մասնաշենքի, իսկ Հրազդան եւ Նուբարաշեն ՔԿՀ-ներում արտաքին կոյուղու հիմնանորոգման աշխատանքներ»,-ասաց նա:

Ծառայության պետը նշեց, որ նաեւ եռանդուն աշխատանք է արվում անվտանգության նոր համակարգերի ներդրման, անվտանգության եւ պահպանման ոլորտների արդիականացման համար:

Գոյունյանի խոսքով` բարեփոխումներ են իրականացվել նաեւ ՔԿՀ-ներում գտնվող կալանավորված անձանց առողջության պահպանման ոլորտում:

Նրա խոսքով` ՔԿՀ-ներում չպետք է լինեն արտոնյալ անձինք,  եւ իրենց աշխատանքներն ուղղված են կալանավորվածների վերասոցիալականացմանը նրանց հետ հոգեբանական եւ այլ աշխատանքներ տանելով: