Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին տեղեկացրել է, որ Թեհրանը պատրաստ է միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր պարտավորությունների կրճատման հաջորդ՝ չորրորդ քայլին, տեղեկացնում է ԻՌՆԱ-ն։

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարն իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հույս է հայտնել, որ ԳՀՀԾ անդամ մյուս երկրները գործնական քայլեր կկատարեն, որպեսզի Իրանը ստիպված չլինի կատարել չորրորդ քայլը։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին սեպտեմբերի 4-ին հայտարարել էր միջուկային գործարքի շրջանակում իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, որը վերաբերում է միջուկային տեխնոլոգիայի հետազոտման եւ զարգացման ոլորտներին։

Երրորդ քայլն սկսելուց հետո Իրանը նորից 60-օրյա ժամկետ է սահմանել։