Մանուկ Վարդանյանի ու ձեզանից շատերի շնորհիվ քաղաքաշինության նախարարությունից պոկվելով՝ սա ժամանակին դարձավ կուռ համակարգ, բայց չի կարող արդյունավետ աշխատել, եթե մնացած մասերում խնդիրներ կան։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Կադաստրի կոմիտեում աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

«Սայթաքումները զգալի են հատկապես գրանցման ոլորտում, բայց մարտահրավերներն ավելի լայն են, եւ մենք քննարկումներում բազմիցս հանգել ենք այն մտքին, որ խնդիրը կոնկրետ մեր ոլորտում չէ ու լուծման կարիք ունի»,-ասել է նա:

Անդրադառնալով իր հրաժարականին, Սարհատ Պետրոսյանը նշել է. «Իսկ որ ոմանք առանց պատկերացում կազմելու՝ ինչ է իրականում Կադաստրը, ասում են, թե Կադաստրը միայն գրանցող մարմին է, ես չեմ եկել որպես գրանցող մարմնի ղեկավար»:

Նա հավելել է, որ որեւէ այլ պատճառ չկա իր հրաժարականի, որ «մեծագույն հաճույքով աշխատել է 1 տարի 2 ամիս», եւ որ «կենտրոնական ապարատում երեւի արդեն չկա որեւէ մեկը, որի հետ չէր ուզենա աշխատել», իսկ եթե մեկը կամ երկուսն էլ կան, համոզված է, որ շուտով կարողանալու էին միասին արդյունավետ աշխատել։

«Բայց եւ յուրաքանչյուրս ունենք մեր սկզբունքները, ես այս դեպքում՝ նաեւ մասնագիտական»,-ընդգծել է նա:

Պետրոսյանը մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեց ապարատի աշխատակիցներին, չնայած ասաց, որ աշխատանքի ընթացքում առիթներ ունեցել է բոլորին առանձին շնորհակալություն հայտնելու կատարած լավ աշխատանքի համար։

«Իմ գնալուց հետո, հույս ունեմ, որ վերջերս համակարգ եկածները կաշխատեն առաջվա ռիթմով, հնուց եկածներն էլ կշարունակեն նոր գաղափարներն իրագործել։ Ուզում եմ ձեզ ասել որ, սա ֆանտաստիկ թիմ է»։

Սարհատ Պետրոսյանը նշեց, որ շատ հեշտ է նախկին վիճակին վերադառնալը, բայց հույս հայտնեց, որ նոր ղեկավարությունը «կգնա այն ճանապարհով, որով որ մենք՝ ձեզ հետ»։

Նա ասաց, որ գլխավոր քարտուղարի եւ տեղեկալների հետ քննարկել են՝ պետք է այնպես արվի, որ  պահպանվի համակարգում սկսված բարեփոխումների կայուն իրականացումը, այնպես չէ, որ բոլորով միասին լքում են համակարգը։

«Վստահ եմ՝ մարդիկ կան, որ գուցե ուրախ են իմ հրաժարականով, բայց երբեք որեւէ մեկի հանդեպ անձնական վերաբերմունքով դրդված քայլ չեմ արել, իմ վերաբերմունքը միշտ պայմանավորված է եղել համակարգն արդյունավետ դարձնելու մղումով…Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով»։

Հրաժարական ներկայացրած ղեկավարն ասաց, որ այսօրվա ընթացքում առանձին-առանձին կհանդիպի բոլորի հետ, հետագայի համար ՝ «հեռախոսիս համարն ունեք, ցանկացած հարցով զանգահարեք… Իսկ հիմա, ինչպես ասում են՝ գնացեք, գործ արեք»: