ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը միացել է Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց ընթացող ակցիային։ Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, ի աջակցություն՝ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի ազատ արձակման։

Լեւոն Քոչարյանն ասաց, որ եկել է աջակցելու կալանավորված երիտասարդներին. «Այն ինչ կատարվում է, շատ պարզ է, սա անօրինականություն է, քանի որ քաղաքական հայացքների համար են կալանավորել նրանց։ Առնվազն այս դեպքով, մենք տեսնում ենք երկակի ստանդարտը, որը կիրառվեց։ Ասում են՝ արդարադատությանը խոչընդոտել են, դա աբսուրդ է։ Ի՞նչ արդարադատության խոչընդոտելու մասին կարող է խոսք լինել, եթե մոտենում են, հարց են տալիս, ամեն ինչը լայվ նկարվում է, չեն վիրավում, այլ վարչապետի խոսքն են կիրառում։ Մյուս կողմից արդարադատության խոչընդոտում չի որակվում այն, որ երբ սեպտեմբերի 16-ին դատավորը խորհրդակցական սենյակում էր, եւ պետք է հաջորդ օրը որոշում կայացներ՝ հորս խափանման միջոցը փոխելու՝ ՍԴ-ի որոշման հիման վրա, փաստորեն, դատավորը լինելով խորհրդակցական սենյակում՝ երկրի առաջին դեմքերը, ի դեմս՝ վարչապետի, ԱԺ նախագահի որակում են տալիս ՍԴ-ի որոշմանը՝ որն ապօրինի է, դա էր արդարադատության խոչընդոտումը, եթե այդ ամեն ինչին որակում չի տրվում, չհաշված նաեւ մնացած դեպքերը, երբ դատարաններ էին արգելափակում հորս ազատ արձակելուց հետո»,- ասաց Լեւոն Քոչարյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանում դատավորների 2 տեսակ կա, որն ակնհայտ երեւում է.

«Պարզ տեսնում ենք, որ կոնկրետ նպատակ կա, այն դատավորը, ով իրենց հաճո է, իրենց համար լավ որոշում է կայացնում, իրեն ասել են՝ բոլոր ապօրինություններին կարող ես դիմել, ամեն ինչ անել, մենք քո մեջքին կկանգնենք։ Մյուս դատավորները, ովքեր չեն ենթարկվում իրենց, եւ իրենց ուզած որոշումը չեն կայացնում, իրենց հանդեպ ամեն ինչ թույլատրվում է, նրանց լիազորությունները կասեցնում են։ Այդ ապօրինությունները ինչ-որ մարդկանց սրտով է։ Ապօրինությունները շատ ճչացող են»։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակիցների՝ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքը։

Ակցիայի մասնակիցները նստել էին դատարանի աստիճաններին, իսկ ոստիկանները հորդորում էին ակցիա իրականացնողներին ազատել տարածքը, քանի որ նրանք փակում են մուտքը, որն անօրինական է։ Սակայն քաղաքացիները իրենց ակցիան շարունակեցին աստիճաններին նստած՝ պնդելով, որ որեւէ անօրինական քայլ չկա իրենց գործողություններում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Վերջիններս մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ: