Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունն այսօր հետաձգվեց. այն կշարունակվի հոկտեմբերի 23–ին, ժամը 14։00–ին։ Այս մասին  Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողներին տեղեկացրեց Մութաֆյանի պաշտպան Վահե Եփրիկյանը։

Նշենք, որ Մութաֆյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանում վիճարկում են ակտիվիստի կալանավորման իրավաչափությունը։

Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Վերջիններս մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ: