ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանն ուղիղ կապ է տեսնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու իր հոր գործերի միջեւ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Քոչարյանը։

«Եկեք նայենք ժամակագրությունը, եւ ամեն ինչ ակնհայտ կդառնա։ Երբ սկսեց նրա եւ ՍԴ-ի հանդեպ այս ամեն ինչը։ ՍԴ դատարանի նկատմամբ ճնշումները սկսվեցին, երբ պարզ դարձավ, որ Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին որոշել է գործը կասեցնել եւ ուղարկել ՍԴ: Սեպտեմբերի 4-ի որոշումն էլ երեւի նրանց համար վերջնական կետն էր, երբ հասկացան, որ ՍԴ-ն չի ենթարկվում իրենց»,- ասաց Լեւոն Քոչարյանը։

Նա նշեց, երբ ԱԺ-ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն ուղարկեց ՍԴ, եւ ՍԴ-ն վարույթ չընդունեց, դրանից հետո մեջտեղ բերվեց այդ մեղադրանքները. «Մարդիկ պարզ ու պրիմիտիվ են գործում: Ուղղակի ամոթ է: Ես համոզված եմ, որ ի վերջո բոլորը պատասխանատվության են ենթարկվելու այս ապօրինությունների համար»։