Չեմ տեսնում որեւէ գործողություն, որը կարող է մեկնաբանվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամաբ քաղաքական հետապնդման կոնտեքստում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Պետք է հետեւենք իրավապահ մարմինների գործողություններին։ Բնականաբար, իրավապահ մարմինները պետք է շատ զգույշ լինեն եւ թույլ չտան որեւէ գործողություն, որը կարող է այլ կերպ մեկնաբանվել»,-նշեց նա։

Դիտարկմանը, որ ՀՔԾ-ում քրեական գործի հարուցումը Հրայր Թովմասյանի եւ մյուսների նկատմամբ նախորդել էր ՍԴ-ի կողմից ԱԺ-ի դիմումը մերժելուն, կասկածելի չէ այդ ամենը, Բադասյանը արձագանքեց․  «Ես չեմ կարծում, որովհետեւ կար ԶԼՄ-ների հայտարարությունը որոշակի գույքի առկայության մասին, որը չհայտարարգրված է, իսկ նման արարքը համապատասխանում է ՔՕ-ի համապատասխան հոդվածին եւ այն ավելի վաղ էր հրապարակված, այսինքն՝ նյութերի նախապատրաստումն ավելի շուտ է սկսվել, իսկ ՀՔԾ-ի քրեական գործի մասին էլ եթե խոսենք՝ եղել է պատգամավորի կողմից հաղորդում հանցագործության մասին»։

Հարցին՝ Հրայր Թովմասյանը կարո՞ղ է որեւէ կարգավիճակ ստանալ, նախարարն արձագանքեց․  «ՍԴ-ի դատավորն ունի գործառութային անձեռնմխելիություն, բայց չեմ կարծում, որ այդ հարցին հիմա պետք է անդրադառնալ, որովհետեւ որեւէ հիմք այս պահին չկա։ Սահմանադրական դատարանի մասին» օրենքով ՍԴ դատավորներն օգտվում են գործառութային անձեռնմխելիությունից, հետեւաբար տվյալ գործով իրավապահ մարմինը պետք է գնահատի՝ սա այն դեպքն է արդյոք, որ պետք է հաղթահարվի այդ անձեռմխելիությունը, թե այդ դեպքը չէ»։

ՍԴ լեգիտմության մասին հարցին Բադասյանն ասաց, որ իրեն մտահոգում է այն ճանապարհը, որով ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանն ընտրվել է։ «ՍԴ նախագահի ընտրության ճանապարհը բազմաթիվ հարցեր է առաջացնում, դա իրավունքի չարաշահման արդյունք է։ Պարոն Հարությունյանի հրաժարականմի հատվածը պաշտոնավարումից 22 օր առաջ, կասկածելի հանգամանքներում, միանգամից շտապողական առաջդրումն ու նշանակումը, որ ուժի մեջ չմտնի Սահմանադրության համապատասխան դրույթը»։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերեւույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում եւ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։

Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։