Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի դեպքում ընտրվել է արարքի որակավորման ամենահնարավոր խիստ տարբերակը, իսկ «Հայելի» ակումբի վրա հարձակվողների դեպքում, ամենամեղմ որակումը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Արամ Վարդեւանյանը:

«Այս պարագայում ընտրվեց արարքի որակավորման ամենահնարավոր խիստ տարբերակը, հենց վերջերս «Հայելի» ակումբի վրա տեղի ունեցած դեպքը, որտեղ ընտրվեցեց նարավոր ամենամեղմ որակավորումը: Իհարկե, յուրաքնաչյուր քննիչ, դատախազ, ազատ են արարքի որակման մեջ, բայց դա նաեւ որոշակի մոտեցումն է ցույց տալիս քրեական արդարադատության: Հարց է առաջանում, ինչի համար ընտրել ամենածանր մոտեցումը, հնարավոր ամենախիստ մոտեցումը, այստեղ է հենց խնդիրն առաջանում»,-ասաց նա:

Նրա խոսքով` միջադեպը նկարահանած Սարգիս Օհանջայանին առաջադրած մեղադրանքը զարմանալի է, քանի որ ինքը չի հասկանում, թե պարզապես տեսանկարահանող սարք պահելու համար, կարող ես խոչընդոտել արդարադատության իրակամացմանը:

Նա նաեւ իր մտահոգությունը հայտնեց այն հանգամանքի շուրջ, որ առաջին ատյանի դատարանը 10 օրում է գործի նյութերն ուղարկել ՀՀ Վերաքննիչ դատարան, որպեսզի այն քննի կալանավորման որոշման դեմ բողոքը:

«Շատ զարմանալի է, քանի որ նույնիսկ մարզերից են անհապաղ փոխանցում գործ նյութերը: Իմ պրակտիկայում նման բան չեմ հիշում»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունն այսօր հետաձգվեց. այն կշարունակվի հոկտեմբերի 23–ին, ժամը 14:00–ին։

Նշենք, որ Մութաֆյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանում վիճարկում են ակտիվիստի կալանավորման իրավաչափությունը։

Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Վերջիններս մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ: