Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ քննարկում է տարբերակը, որը թույլ կտար Սիրիայի հյուսիս-արեւելքում թողնել ոչ մեծ թվաքանակով ամերիկյան զորքեր, հայտնում է Associated Press-ը: 

Նա նշել է, որ այս հարցը քննարկվում է նավթային հանքավայրերի անվտանգությունը պահպանելու եւ «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարը շարունակելու նպատակով:

Նա հայտնել է, որ առայժմ վերջնական որոշում չի ընդունել եւ այն չի ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Քաբուլում մամուլի ասուլիսի ժամանակ Էսփերը նշել է, որ որոշ զորքեր դեռեւս չեն հասցրել հանել Սիրիայի հյուսիս-արեւելքից:

Նա նշել է, որ Սիրիայի քուրդ զինյալների հետ աշխատում է նավթային հանքավայրերը անվնաս վիճակում պահպանելու հարցի շուրջ, որպեսզի դրանք չհայտնվեն ԻՊ վերահսկողության ներքո:

Էսփերի խոսքով՝ առաջինը դուրս կբերվեն Քոբանիի շուրջը տեղակայված զորքերը, իսկ Սիրիայի հյուսիս-արեւելքում տեղակայված մյուս զորքերը դեռեւս կմնան քաղաքներում, որոնց կողքին նավթային հանքավայրեր կան: