Շենգավիթի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 19-ին, ժամը 16-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Ադանայի փողոցի բնակիչ 54-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ սեպտեմբերին Բագրատունյաց փողոցի եւ Արտաշատի խճուղու խաչմերուկում կայանված «Ֆոլքսվագենի» բաց բեռնախցիկից գողացել է երեք անվադող:

Հետագա միջոցառումների արդյունքում տղամարդը նաեւ խոստովանել է, որ օգոստոսին նույն խաչմերուկում կայանված «ԳԱԶ-31-ի» սրահից գողացել է շարժիչի յուղ եւ ֆիլտր, հոկտեմբերի 14-ին՝ Բագրատունյաց փողոցում կայանված «ՎԱԶ-2107-ի» սրահից՝ չորս անվադող, իսկ հոկտեմբերի 6-ին՝ նույն փողոցում կայանված «ՎԱԶ-2110» մեքենայի սրահից՝ գործիքներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: