ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019» -ի շրջանակներում մասնակցել է «Խելացի ապագա» թեմայով Fishbowl session ձեւաչափով ոչ ֆորմալ քննարկմանը, որի ընթացքում խոսել է ապագա աշխատաշուկայի մարտահրավերների, փոփոխվող տեխնոլոգիական աշխարհում մրցունակ մնալու եւ կրթության դերի կարեւորության մասին։ Նա իր խոսքում նշել է․ «Աշխարհն ամեն օր փոխվում է, եւ մենք անմասն չենք այդ գործընթացից: Առանց մարդկանց կրթելու, առանց նրանց պատրաստելու ապագայի աշխատաշուկայի մարտահրավերներին եւ փորձություններին, հաջողության չենք կարող հասնել: 15 տարի առաջ տեխնոլոգիաները, որոնք մեր կյանքի անբաժանելի մասն են այսօր, գոյություն չունեին: Նույն կերպ ապագայում կլինեն նոր տեխնոլոգիաներ, որոնք հիմնովին կփոխեն մեր կյանքը եւ աշխատաշուկան: Եթե մենք ցանկանում ենք լինել մրցունակ, ապա պետք է սկսել հիմա, արդեն այսօր պետք է սկսել պատրաստել մարդկանց ապագա կյանքին»:

Երկրորդ օրվա քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել արհեստական բանականության դերին բժշկության եւ դեղագործության, ծրագրավորման եւ տվյալագիտության, մարքեթինգի եւ կիրառական վարքային վերլուծության մեջ, բանկային եւ ֆինանսական ոլորտներում։ Fishbowl «Խելացի երկիր» քննարկման ընթացքում խոսվել է «Խելացի Հայաստան»-ի, «Խելացի քաղաքներ»-ի եւ «Խելացի ապագա»-ի մասին։

Տիգրան Խաչատրյանը ֆորումի երրորդ օրը մասնակցել է նաեւ «Զարգացմանն ուղղված ֆինանսավորման դերը՝ նորարարական էկոհամակարգերի վերափոխման գործում» պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում նորարարությունների ֆինանսավորման նշանակությանը, նորարարական էկոհամակարգի ենթակառուցվածքների զարգացման կարեւորությանը, նորարարական էկոհամակարգերի վերափոխման գործում վենչուրային ֆինանսավորման դերին։ Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ չենք կարող խոսել տնտեսության զարգացման եւ մրցունակ լինելու մասին, եթե այն նորարարական չէ եւ պատրաստ չէ կլանելու նոր տեխնոլոգիաները։ Դա նշանակում է, որ նորարարական էկոհամակարգերի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը ոչ միայն հնարավորություն է ունենալու զարգացած ենթակառուցվածքներ, այլեւ ստեղծելու բարենպաստ ներդրումային միջավայր եւ հնարավորություն՝ մի շարք ոլորտներում մատուցելու բարձր որակի ծառայություններ։

«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019»-ը Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների՝ FAST հիմնադրամի առանցքային տարեկան իրադարձությունն է։ Այս տարի այն անցկացվել է հոկտեմբերի 12-ից 21-ը Հայաստանում անցկացվող «Ավրորա» ֆորումի շրջանակում։