ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանը զբաղված է միայն պարգեւատրումներ տալով, բիզնես կլասով գործուղումների գնալով. իրենց հետ անհնար է աշխատել, հիասթափված ենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Դոնարա Ալեքսանյանը։

Նա պատմեց, որ անօրինականություններ միշտ եղել են, բայց այս մեկ ու կես տարվա ընթացքում ավելի շատ են, քան մյուս ղեկավար Իշխան Կարապետյանի օրոք էր. «Այն ժամանակ գոնե կարողանում էինք հարցերը լուծել, ներկայացնել, որոշները լուծվում էին, որոշները՝ ոչ, որը՝ իմ միջոցով, որը՝ իրենց, բայց այս 1.5 տարին անհնար է ՍԱՊԾ-ի հետ ինչ-որ լեզու գտնել, իրենց դուրը չի գալիս, պետի դուրն անգամ չի գալիս: Երբ ես մյուս պետերի հետ էի աշխատում, այժմյան պետը լաբորատորիայում էր աշխատում, ու շատ լավ գիտեմ իր կատարած գործողությունները թե նախկինում, թե հիմա»:

Դոնարա Ալեքսանյանն ընդգծեց, որ սնունդը շատ կարեւոր է բոլորի համար, իսկ հիմա որակ չկա. «Օրինակ, բելառուսական մսերի մասին գրեցի իրեն, հանդիպեցինք, ուզում էի ասել, որ ուղարկեն լաբորատորիա ուսումնասիրության, տեսնենք՝ ինչպե՞ս է անցնում սահմանը, ո՞ւմ են տալիս, ի՞նչ են պատրաստում դրանով: Գնացի իր մոտ, ինքը մոռացավ իմ հարցի մասին, ինձ ցույց տվեց իր էջի վրա գրած իմ երկու տողը եւ կես ժամ, փոխանակ խոսեինք մսերի որակից, հետագա գործողություններից, կնոջ նման հետս վիճում էր, թե ինչո՞ւ եմ վատ բաներ գրել իր մասին»:

Նա պատմեց, որ խնդրել է ՍԱՊԾ պետին, որ նրանց մասնագետների հետ իրեն էլ տանեն բելառուսական մսամթերքից նմուշառում անելու, քանի որ ինքը չի վստահում ՍԱՊԾ-ի լաբորատորիայի արդյունքներին. «Ինքն էլ ժամանակին այնտեղ էր աշխատում, ես գիտեմ՝ ինչքան թղթեր են կեղծվել: Որոշ ժամանակ անց ինձ նամակ է գալիս, որ մսի հետ ամեն ինչ կարգին է, եթե այդպես է, ինձ ինչո՞ւ հետները չտարան, չէ՞ որ ես խնդրել էի: Նա արժանի չէ աշխատելու նման տեղում, զբաղված է միայն պարգեւատրումներ տալով, բիզնես կլասով գործուղումների գնալով, նոր ընդունված կադրերը համապատասխան չեն իրենց աշխատանքին՝ ղեկավար, բանվոր, լաբորանտ։ Եվ ես տալիս եմ մեկ այլ լաբորատորիա՝ ստուգման։ Եվ պարզվել է, որ տարբերությունը շատ մեծ է»։

Դոնարա Ալեքսանյանը հայտնեց, որ հիմա ստվերային սննդամթերք արտադրողների քանակը շատացել է. «Բնակիչները, քաղաքացիները տան պայմաններում կեղտոտ ամանների մեջ, հիվանդ լինելով տուբերկուլյոզով, վեներական հիվանդություններով, կեղտոտ պայմաններում, շունը կողքին նստած՝ ինքը այդ ամանների մեջ միս է աղում կամ կարկանդակ ու հոթ-դոգ է պատրաստում: Մենք հայտնում ենք ՍԱՊԾ-ին այս մասին, սպառողն էլ գիտի, բայց արհամարհում են ու միջոցներ ձեռք չեն առնում, աշխատանք չի տարվում բացարձակ: Ինքն ուզենա էլ՝ չի կարող աշխատել, այդ գրագիտությունը չունի, աշխատողներն էլ են իրենից դժգոհում։ Արարատ Միրզոյանը, որ գիշերով միջնորդել է, որ Գեորգի Ավետիսյանը դառնա ՍԱՊԾ պետ, առավոտն էլ  վարչապետին ստորագրել է տվել հրամանը, թող հիմա տեսնի՝ ի՞նչ է կատարվում»։

Նրա խոսքով՝ խանութներից հետ վերադարձ արված սննդամթերքի ժամկետները առաքիչները փոփոխում են եւ կրկին խանութներին բաժանում.

«Մսային բոլոր սննդամթերքները վտանգավոր են, թող ինքը հետեւի, տեսնի՝ հետ վերադարձ ինչքան է լինում խանութներից, հետեւի տեսնի՝ տերերն ինչ են անում հետ վերադարձված մթերքի հետ։ Առաքիչները կեղծում են ժամկետները, հետ վերադարձրած ապրանքները տալիս են մանր-մունր խանութներին, տալիս են շրջաններին, որոնք գաղափար չունեն, որ կարող են փաստաթուղթ ուզել, ժամկետներ իմանալ, ստվերային կեղտոտ գործեր են արվում: Հիմա ապահով սնունդ չկա, երեւի իրեն պահում են, որովհետեւ հատուկ գործարան ունի, որտեղ իրենց համար էկոլոգիապես մաքուր սնունդ է արտադրում»։