ԱԺ-ն անընդհատ անելիք ունի մինչեւ իր լիազորությունների ավարտը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշել ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին եւ դիտարկմանը, որ ՍԴ վերջին որոշումից հետո խորհրդարանն այլեւս անելիք չունի:

«ԱԺ-ն շարունակելու է իր լիազորությունների շրջանակներում իրականացնել իր գործունեությունը, այդ թվում նաեւ անդրադառնալ ՍԴ-ի կայացրած որոշման քննարկմանը: Այդ որոշումը որոշակի առումով զարմանալի է բոլորիս համար: Բոլորս ակնկալում էինք, որ ՍԴ-ն կարող է նաեւ բովանդակային առումով մերժել այդ հարցի քննարկումը, բայց արդյոք ՍԴ-ն այս փուլում եւ այս ընթացակարգով կարող էր նման մերժում տալ: Իմ խորին համոզմամբ՝ ոչ, որովհետեւ այն հարցադրումները, որ բարձրացված են ՍԴ աշխատակարգային որոշման մեջ, պետք է դառնային քննարկման առարկա:

Եթե դա լիներ ՍԴ-ի ըստ էության որոշում, գուցե ինչ-որ առումով, մեծ վերապահումներով կարելի էր որոշ հատվածների հետ տեսականորեն համաձայնել: Բայց սա ընդամենը աշխատակարգային որոշում էր, եւ այս փուլում ՍԴ-ն չէր կարող անդրադառնալ մի շարք հարցերի: Մասնավորապես, ՍԴ-ն չէր կարող անդրադառնալ ժամկետի հետ կապված հարցին, որովհետեւ ժամկետը վերաբերում է ԱԺ գործառույթներին: ԱԺ կանոնակարգ օրենքում է նախատեսված այն ժամկետը, որը տրված է խմբակցությանը՝ ԱԺ որոշման տեքստ ներկայացնելու համար»,-ընդգծեց Վարդանյանը:

Նա նկատեց, որ ցանկացած անձ կարող է բացել Սահմանադրական դատարանի մասին օրենքը եւ տեսնել, որ այս ընթացակարգին համապատասխան որեւէ ժամկետ նախատեսված չէ:

«Մյուս հիմքը, որ նշել է ՍԴ-ն, բացարձակապես որեւէ հիմքով ընդունելի չէ: Ըստ էության, ՍԴ-ն վերազանցել է իր լիազորությունները այս հատվածում եւ նշել, որ քանի դեռ ՍԴ երեք դատավորներ չեն դիմել ՍԴ-ին եւ կարգապահական պատասխանատվության որեւէ դատավոր չի ենթարկվել, ապա այդ հիմքով ԱԺ-ն չի կարող դիմել ՍԴ դատավորի լիազորությունների դադարման հարցով: Սա նույնպես անընդունելի է»-ասաց ԱԺ հանձնաժողովի նախագահը:

Նշենք, որ ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել ԱԺ դիմումը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: