«ԵՄ-ն Երեւանի համար. Արեւային համայնք» ծրագրի ընթացքի մանրամասներն են քննարկվել ծրագրի համակարգող խորհրդի հերթական նիստում:

Նախատեսվում է բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքներին տեղադրել արեւային ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն վերելակների շահագործման, շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների եւ բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը: Իսկ տարածքների լուսավորությունը կապահովվի LED լուսատուներով:

Երեւանի քաղաքապետի տեղակալ, ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար Հայկ Սարգսյանը նշել է, որ, չնայած ծրագրի ժամանակացույցի որոշակի շեղումներին, աշխատանքներն ակտիվորեն ընթանում են: Նշվել է, որ արդեն իսկ ավարտվել եւ ամփոփման փուլում է լուսատուների ձեռքբերման մրցույթը:

«Սա քաղաքի համար կարեւոր ծրագիր է, որը նաեւ քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների մեջ է եւ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այն ամբողջությամբ չի իրականացվել: Ծրագրի գործնական փուլին անցնելուց առաջ այժմ ակտիվ բացատրական աշխատանքներ են տարվում բնակիչների հետ, քանի որ համակարգերի տեղադրումը հնարավոր է միայն բնակիչների մասնակցությամբ»,-ընդգծել է Հայկ Սարգսյանը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին, CoM-DEP աջակցող խմբի ղեկավար Յան Վանդերսը: Խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն են ներկայացրել ծրագրի իրականացման վերաբերյալ եւ նկատել, որ «ԵՄ-ն Երեւանի համար. Արեւային համայնք»-ն իր ծավալներով եւ բնապահպանական նշանակությամբ կարեւոր է ոչ միայն մայրաքաղաքի համար:

Ծրագիրն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում՝ ԵՄ կողմից տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով: