Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 20-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՀ Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի հետ:

Զրուցակիցները անդրադարձել են այս տարվա մայիսին ԱՄՀ-ի կողմից հաստատված ծրագրի իրականացման ընթացքին՝ մասնավորապես կարեւորելով ծրագրում նախանշված առանձին բարեփոխումների ուղղությամբ կատարված եւ կատարվելիք միջոցառումները:

Ջիհադ Ազուրը գոհունակությամբ է խոսել Հայաստանի ընթացիկ բարեփոխումների մասին՝ շեշտելով Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաեւ տնտեսական ոլորտում ունեցած ձեռքբերումները:

Հանդիպման ընթացքում կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020թ. ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացնելու գիտաժողով: