Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողներն անհանգստացած են Բաքվում ոստիկանության կողմից չարտոնված հանրահավաքի ցրման ժամանակ կիրառված ուժի առնչությամբ եւ կոչ են արել ազատ արձակել ակցիայի ժամանակ կալանավորվածներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կոչ ենք անում իշխանություններին հանել խաղաղ ցույցերի սահմանափակումները, ազատ արձակել բոլոր անօրինական կալանավորվածներին եւ հետաքննել ենթադրյալ խոշտանգումների եւ ոչ ճիշտ վերաբերմունքի դեպքերը»,- ասվում է Շտեֆան Շենահի (Ավստրիա) եւ Ռոջեր  Գեյլի (Մեծ Բրիտանիա) հայտարարությունում, որոնք ոստիկանության գործողություններն անվանում են «անիրավաչափ եւ անհամամասնական»։

Իրենց հայտարարությունում խորհրդարանականները պնդում են, որ փողոցային ակցիայից մեկ օր առաջ կալանավորվել էին Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) առնվազն տասը անդամներ, նրանք դատապարտվել էին 60 օրվա վարչական կալանքի։ Նրանք նաեւ ներկայացրել են չհաստատված տվյալներ կտտանքների մասին, որոնք կիրառվել են հանրահավաքում կալանավորվածների հանդեպ, եւ հավաստիացնում են, որ որոշ կալանավորվածների գտնվելու վայրի մասին մինչ այժմ տվյալներ չկան։

«Այս տխուր իրադարձությունները պետք է դիտարկել հավաքների ազատության շարունակվող խախտումների եւ սահմանափակումների (առավել ընդհանուր) իրադրության համատեքստում, որոնք խոչընդոտում են կառավարության քննադատների եւ հակառակորդների գործունեությանը»,- գրում են պատգամավորները։

Հոկտեմբերի 19-ին ոստիկանությունը Բաքվում կասեցրել է «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ» (ԴՈւԱԽ) ընդդիմադիր կազմակերպության փորձը՝ չարտոնված հանրահավաք անցկացնել Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում, կալանավորվել է 60 մարդ։

Նախօրեին Ադրբեջանի ՆԳՆ-ն եւ գլխավոր դատախազությունը հանդես են եկել հայտարարությամբ՝ նախազգուշացնելով ընդդիմությանը, որ բոլոր հակաիրավական գործողությունները վճռականապես կկասեցվեն եւ օրինախախտների դեմ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված լուրջ միջոցներ, ներառյալ քրեական պատասխանատվության ենթարկելը։