Ցավով պետք է արձանագրենք, որ իշխանափոխությունից հետո երկրի բնականոն զարգացմանը վերաբերող, մեր կողմից բազմիցս բարձրաձայնված հիմնական մտահոգությունները հետեւողական կերպով դառնում են իրողություն, տեսանելի են դառնում նաեւ դրանց ահագնացող հետեւանքները: Այս մասին գրում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը։

«Խոսքը վերաբերում է հանրային կյանքի հիմնական ոլորտներին՝ արտաքին քաղաքականությունից մինչեւ տնտեսություն, սոցիալական ու ժողովրդագրական հարցերից մինչեւ հանրային համերաշխություն, անվտանգությունից մինչեւ արդարադատություն, ընտանեկան ու ավանդական արժեքների պահպանումից մինչեւ ժողովրդավարական զարգացում:

Սխալ ընթացքը, շոշափելի ձախողումներն ակներեւ են: Հանրության մեծ ոգեւորությունը եւ փաստերի բերումով ձեւավորված զարգացման աննախադեպ մեծ ռեսուրսն ուղղակի, օրեցօր փոշիացվում է՝ իրական ծրագրերի ու թիրախավորված արդյունքների, հետեւաբար՝ քաղաքական լիարժեք պատասխանատվության բացակայության ֆոնին:

Հետեւողականորեն որդեգրվում է իշխանության կրողներին սրբադասելու, շարքային քաղաքացիներին առկա հիմնախնդիրների լուծման հիմնական պատասխանատու կարգելու, իսկ ձախողման դեպքում էլ մեղավոր համարելու արատավոր մոտեցումը:

Ի դեպ, այս ամենն էլ համակարգված ուղեկցվում է անսահման պոպուլիզմով եւ վիճակագրական հիմնական ցուցանիշների պարբերական մանիպուլիացիաներով: Հետաձգվում են իրական խնդիրների լուծումները, փոխարենը՝ հանրային կյանքում ներմուծվում են արհեստական օրակարգեր՝ իշխող քաղաքական ուժի կոնկրետ խոստումների կատարման ձախողումները պարտակելու համար:

Իսկ փաստն այն է, որ արտագաղթը շարունակվում է գրեթե նույն տեմպերով: 2019 թվականի 2-րդ եռամսյակում՝ 1-ին եռամսակի համեմատ 51500-ով նվազել է 15-75 տարեկան առկա բնակչության թիվը, որից 46400-ը գործազուրկներ են: Իսկ իշխանությունները սա ներկայացնում են՝ որպես գործազրկության մակարդակի կրճատում: Ի դեպ, 2019 թվականի 1-ին եռամսյակին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազուրկների թիվն աճել էր 16 հազարով: Բացասական այս միտումների պարագայում էլ՝ 2018 թվականին զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը եղել է աննախադեպ ցածր՝ 25 տոկոս, որի հետեւանքով շուրջ 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարավոր պետական աջակցություն եւ չեն տեղավորվել աշխատանքի: Կարեւոր է իմանալ նաեւ՝ 2019 թվականին զբաղվածության պետական ծրագրերով աշխատանքի են տեղավորվել ամսական ընդամենը 140 աշխատանք փնտրողներ:

Հաջորդը, աշխատանքային կենսաթոշակի չափը չի բարձրանալու նաեւ 2020 թվականի պետական բյուջեով՝ նախատեսված է անփոփոխ թողնել կենսաթոշակի հիմնական չափը (14000 դրամ), ինչպես նաեւ մասնագիտական ստաժի 1 տարվա արժեքը: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արմատական վերանայման խոստումը կատարելու փոխարեն՝ գործող իշխանությունները կոսմետիկ փոփոխություններով արմատավորեցին այն եւ լիարժեք գործադրում են՝ պետական բյուջեից այս ուղղությամբ ծախսերը կայուն ավելացնելով:

Մյուսը՝ ընտանեկան եւ սոցիալական նպաստների չափերը, շահառու ընտանիքների թիվը եւս նախատեսված է թողնել անփոփոխ՝ 37,7 միլիարդ դրամ, 100 հազար ընտանիք, 31442 դրամ նպաստի ամսական միջին չափ, որը գրեթե կրկնակի ցածր է մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի ընթացիկ արժեքից:

Չի կատարվում նաեւ պետական հատվածի աշխատավարձերի համընդհանուր բարձրացման խոստումը: 2020 թվականի բյուջեում պետական համակարգի վարձատրության չափերը որոշող ցուցանիշը (բազային աշխատավարձի անվանական չափը) նորից մնալու է անփոփոխ՝ 66140 դրամ: Դրա փոխարեն՝ հաջորդ տարի եռապատկվելու են պարգեւատրման ֆոնդերը: Լրացուցիչ ֆոնդերից բարձրաստիճան պաշտոնյանները արդեն իսկ ամսական պարբերականությամբ ստանում են աննախադեպ չափերի պարգեւատրումներ՝ իրենց հիմնական աշխատավարձի շուրջ կրկնապատիկը:

Երկիրը համընդհանուր ճգնաժամի տանող բացասական այս երեւույթների ու դրանց իրական հետեւանքների շարքն այսքանով չի սահմանափակվում: Դրանց նույնպես կանրադառնանք հետագայում»,- գրում է նա: