Ոսկեզօծ եւ Հռոմի պապի ստորագրությամբ Harley Davidson մոտոցիկլետը 54,5 հազար ԱՄՆ դոլարով վաճառվել է աճուրդում, հաղորդում է BBC-ն։

Բրիտանական Bonhams աճուրդի տան աշխատակիցների կողմից «Սուրբ Դեւիդսոն» անունը ստացած մոտոցիկլետը թողարկվել է գերմանական Վյուրցբերգում՝ իրենց «Հիսուսի բայքերներ» անվանող մոտոցիկլիստների ավստրիական միության համար։ 

Նրանք մոտոցիկլետը փոխանցել էին Պապի առաքելական համայնքների տնօրինությանը։ Հուլիսին այն բերվել էր Վատիկան, որտեղ էլ Պապն իր ստորագրությունն էր դրել վրան։

Harley Davidson-ի վաճառքից ստացված գումարը կտրամադրվի Ուգանդայում մանկատան եւ դպրոցի շինարարությանը, ինչպես նաեւ լքված երեխաներին բնակարանով ապահովելուն։

1570 խորանարդ/մետր ծավալով շարժիչ ունեցող փայլուն սպիտակ գույնի մոտոցիկլետը զարդարված է մեքսիկական ոճով՝ որոշ տարրեր եւ մասեր ոսկեզօծ են։

Այն ստեղծվել է «Հիսուսի բայքերների» հիմնադիր Թոմաս Դրաքսլերի առաջարկով՝ հատուկ Պապի առաքելական համայնքներին նվիրաբերելու համար։ Դրանք կաթոլիկ եկեղեցու առաքելություններն են տարբեր երկրներում։