ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Երեւանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարված առերեւույթ չարաշահումների մի շարք հանգամանքներ: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՔԼ լրատվական բաժնից։

Նախնական տվյալներով՝ նշված ՀՈԱԿ-ի տնօրենը, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հունվարի 3-ից մինչեւ 2019 թվականի օգոստոսի 14-ը կնոջը հրամանագրել է ՀՈԱԿ-ի տնտեսվարի, պարուսույցի, ապա նաեւ՝ գեղարվեստական մարզչի հաստիքներում, սակայն վերջինիս կողմից երբեւիցե աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, իր կնիքով հաստատել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ կնոջ հաճախելիության վերաբերյալ կեղծ տեղեկություններով լրացված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, որոնց հիման վրա՝ յուրացման եղանակով հափշտակվել է որպես աշխատավարձ դուրս գրված խոշոր չափերի գումար:

Բացի այդ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անվճար ուսուցման ծառայություններ մատուցելու փոխարեն, 2012 թվականից մինչեւ 2019 թվականի օգոստոսի 14-ը ՀՈԱԿ-ի տնօրենը կազմակերպել եւ իրականացրել է ապօրինի դրամահավաք՝ ՀՈԱԿ-ի մի շարք մարզիչների միջոցով սաներից վերցնելով ամսական վարձավճարներ: Ինչպես նաեւ՝  2017թ. սեպտեմբերից մինչեւ 2019թ. օգոստոսի 14-ը ՀՈԱԿ-ի պահակների միջոցով կազմակերպությանը պատկանող կայանա¬տեղիում կազմակերպել է կանոնադրությամբ չնախատեսված ձեռնարկա¬տիրական գործունեություն՝ հարակից շենքերի բնակիչներից ավտոմեքենաները նշված տարածքում կայանելու դիմաց գանձելով գումարներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 314-րդ հոդվածով, 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 309-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, հարցաքննվել մի շարք անձինք: Նախաքննության ընթացքում նշված ՀՈԱԿ-ի տնօրենը իր դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից, տվել խոստովանական ցուցմունք եւ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին է փոխանցել պատճառված վնասը՝ ընդհանուր՝ 12.055.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննությունը շարունակվում է: