Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի լրատվության բաժնից։

Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական գործակցության զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է հիշել այս տարի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Չեխիայի վարչապետի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են փոխգործակցության հարցեր, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ակտիվացնել բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար՝ նշելով, որ փաստաթղթի արագ վավերացումը կնպաստի ՀՀ բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրագործմանը։ 

Հայաստանում Չեխիայի դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնելը եւ պաշտոնավարման ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը՝ հայ-չեխական գործընկերությունը խորացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ Չեխիան սատարում է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին եւ պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրամիության, Արեւելյան գործընկերության ձեւաչափերում զարգացնել կապերը:  Զրուցակիցները քննարկել են փոխշահավետ ուղղություններով առեւտրատնտեսական գործակցության ընդլայնման հարցեր, անդրադարձել օդային ուղիղ հաղորդակցության հաստատման հնարավորություններին, մտքեր փոխանակել ԵՄ շրջանակում մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուրջ:  Վարչապետը կարեւորել է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: