Ինտերնետ պրովայդերներին ուղղված ՀԾԿՀ-ի որոշման նախագիծն ուղղակի վերաբերում է անձնական տվյալների մշակմանը, հետեւաբար այդ հարցը պետք է կարգավորվի ոչ թե հանձնաժողովի որոշմամբ, այլ բացառապես օրենքով։ Նման տեսակետ  NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով ՀԾԿՀ-ի խնդրահարույց որոշման նախագծին։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշակել է որոշման նախագիծ,  ըստ որի՝  2020թ. հունվարի 1-ից բջջային կապի օպերատորներից՝ ինտերնետ պրովայդերներից կպահանջվի 2 տարով արխիվացնել օգտվողների ընթացիկ տվյալները. IP, IMEI, էլեկտրոնային փոստի տվյալները, մուտքի և ելքի ժամերը, օգտատիրոջ անուն ազգանունը։

Դոյդոյանի համոզմամբ՝  նման օրենքի նախագիծը պետք է մշակվի Անձնական տվյալների պաշտպանության գործակալության անմիջական մասնակցությամբ։

«Խոսքը անձնական տվյալների մշակվան մասին է  և այն պետք է արվի Անձնական տվյալների պաշտպանության գործակալության իմացությամբ և համակարգմամբ»,–ասաց նա։

Դոյդոյանը հիշեցրեց՝  ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունները ինտերնետային բովանդակության վերաբերյալ տվյալներ կարող են տրամադրել միայն դատարանի որոշմամբ։

«Այն, որ ինտերնետային բովանդակության պահպանման իրավասություն չունեն, նշանակում է նամակագրության գաղտնիության իրավունքը չի ոտնահարվում, բայց միևնույն է, մարդկանց իրավունքների անձնական պաշտպանության իրավունքը ոտնահարվում է»,–ասաց նա։

Նշենք, որ ՀԾԿՀ-ն կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորում է ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից համապատասխան տեղեկությունների պահպանման և օրենքով նախատեսված հիմքերի պարագայում իրավապահ մարմիններին դրանց հասանելի դարձվելու դեպքերում՝ այդ հարաբերությունների հստակեցմամբ:

Ի պատասխան բազմաթիվ անհանգստությունների՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  ընդգծել է, որ ինտերնետ ծառայություններ մատուցող անձինք ինտերնետային բովանդակության պահպանման որևէ իրավասություն չունեն։