Ֆրանսիացի ինժեներները ստեղծել են ինտերֆեյս, որը մաշկ է հիշեցնում։ Նրանք նման ինտերֆեյսի գործածության մի քանի տարբերակ են առաջարկել, այդ թվում պատյանի տեսքով, որը թույլ է տալիս կսմթելով եւ շոյելով կառավարել սարքը։ Նորույթը կներկայացվի UIST համաժողովում, որն այժմ անցկացվում է Նոր Օռլեանում, հայտնում է New Scientist-ը։

Փարիզի տեխնոլոգիական համալսարանի ինժեներները՝ Մարկ Տեսյեի գլխավորությամբ, ստեղծել են մաշկ հիշեցնող ինտերֆեյս, որը կարելի է օգտագործել ինչպես սմարթֆոնների եւ «խելացի» ժամացույցների նման գաջեթների, այնպես էլ համակարգիչների եւ նույնիսկ ռոբոտների կառավարման համար։

Skin-On անվանումով ինտերֆեյսն իրենից ներկայացնում է սիլիկոնի երկու շերտ, որոնց միջեւ Datastretch առաձգական լարերից ցանց կա։ Դրսի սիլիկոնը մաշկի տեսք ունի։ Հիմնական սարքին սենսորային ցանցի ազդանշանի եւ «մաշկի» միացման համար օգտագործվում է փոքր միկրոհսկիչը։

Տեսյեն մտադիր է Skin-On նախագիծը բաց իրականացնել, առաջիկայում նա կհրապարակի նման «մաշկի» ստեղծման եւ այն համակարգչին կամ սմարթֆոնին միացնելու մասին ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը։