Ամերիկացին եւ նրա կինը սիրահարվել են մեկ այլ կնոջ, որին հանդիպել են մարզասրահում, եւ այժմ միասին երջանիկ ապրում են որպես «շվեդական ընտանիք», հայտնում է USA.one-ը։

CrossFit մարզասրահի սեփականատեր եւ համակարգող Մերի Բարիլյասն իր գործընկեր եւ ամուսին Լեոյի հետ ծանոթացել էր ավագ դպրոցում, երբ դեռեւս 13 տարեկան էր։ Ավելի ուշ զույգը սկսել էր հանդիպել եւ ամուսնացել էր, երբ լրացել էր Մերիի 17 տարին։

2010թ․ նրանք տեղափոխվել էին Վաշինգտոն եւ հիմնել CrossFit-ը։ Այնտեղ էլ նրանք երեխաներ էին ունեցել՝ Կարսոնը (9 տ․) եւ Փեյջը (4 տ․)։ Հինգ տարի անց զույգն իրենց մարզասրահում ծանոթացել էր գնահատող Քիմբերլի Սլեյգլի հետ, եւ շուտով նրանք ընկերներ էին դարձել։ «Ռոմանտիկ հարաբերությունները սկսվեցին 2016 թվականին։ Այդ տարի մենք սիրահարվեցինք, հնարավոր է, տարբեր ժամանակ, տարբեր պատճառներով,- պատմում է Լեոն,- Պոլիամոր նշանակում է բաց եւ ազնիվ լինել նրա հետ, ով մենք կանք։ Մենք սիրում ենք մեկից ավելի մարդու եւ ընդունում ենք դա, նույնիսկ եթե դա դուրս է սոցիալական նորմի շրջանակից»։

Տղամարդն ընդգծում է, որ ընտանիքի մյուս անդամներն ընդունել են իրենց ընտրությունը․ «Մեր բախտը շատ է բերել, որ ունենք այնպիսի ընկերներ եւ ընտանիք, որոնք սիրում են մեզ նրա համար, ինչպիսին մենք կանք»։ Եռյակը խոստովանում է, որ իրենց հարաբերությունները կարող են մի քիչ անսովոր թվալ, եւ որ իրենք նույնպես խնդիրներ են ունենում։ «Խանդը իրական է բոլոր, այլ ոչ միայն պոլիամոր հարաբերություններում։ Մենք գտել ենք խանդը հաղթահարելու լավագույն ձեւը՝ դա շփումն է»,- պատմում է Լեոն։ Ընտանիքը շատ է խոսում իր ապագայի մասին եւ պնդում է, որ բոլորին ամեն ինչ դուր է գալիս իրենց ոչ ավանդական հարաբերություններում։