Հոկտեմբերի 20-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 04։00-ի սահմաններում 2 դիմակավորված անձ հարմարեցրած բանալիով բացել են Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի շենքերից մեկի բնակիչ, 70-ամյա Սուսաննա Բ.-ի բնակարանի մուտքի դուռը եւ ապօրինի մուտք գործել բնակարան։ Ըստ Սուսաննա Բ.-ի՝ ոստիկաններին եւ քննիչներին հայտնած տեղեկությունների՝ դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել իրեն, այնուհետեւ հյուրասենյակում գտնվող պահարաններից մեկից հափշտակել 40 հազար դրամ, ոսկյա մատանի, իսկ մեկ այլ պահարանից՝ մեկ այլ ոսկյա մատանի, այնուհետեւ ննջասենյակում դված պայուսակից հափշտակել են 15 հազար դրամ եւ դիմել փախուստի։

Սուսաննա Բ.-ն «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։