ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի նախարար նշանակվելուց ի վեր համակարգում աննախադեպ չափերի է հասել կոռուպցիան եւ հովանավորչությունը։ Այս մասին գրել է Politik.am-ը։

Ֆելիքս Ցոլակյանը արդեն մեկ տարի է զբաղված է միայն իր մարդկանց, ծանոթ- բարեկամներին պաշտոնի նշանակելով։

Փոխնախարար Արմեն Հարությունյանը Ֆելիքս Ցոլակյանի բարեկամն է, որոշ տեղեկություններով` քրոջ որդին, ինչը ինքնին քաղաքական հովանավորչության վառ օրինակ է։ Ակնհայտ իր զբաղեցրած դիրքին չհամապատասխանող, Ցոլակյանի «պահած էրեխեն», առավոտից երեկո զբաղված է ֆեյք էջերի միջոցով նախարարի փիառ-ն անելով, ինչպես նաեւ ծանոթներին գործի տեղավորելով եւ «ոչ յուրայինների» դեմ խարդավանքներ կազմակերպելով։ Հնաբնակները տհաճությամբ են շփվում այդ դիլետանտ եւ ինքնասիրահարված երիտասարդի հետ, եւ հաճախ Արմեն Հարությունյանը գանգատվում է Ֆելիքս Ցոլակյանին, եւ նախարարը անձամբ զանգում է պետերին եւ ասում «Արմենի հետ աշխատեք, Արմենն ինչ ասում է, արեք… » եւ այլն։

Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքի է տեղավորել բազմաթիվ ծանոթ բարեկամների, տղայի ընկերներին` օրինակ կուրսեցի ընկերոջը` Արտակ Սաֆարյանին նշանակել է նախարարի գլխավոր խորհրդական, կուրսեցի մյուս ընկերոջը` Դավիթ Ավետիսյանին նշանակել է Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ։ Ցոլակյանը իր «երկրորդ հայրենիք» Մասիս քաղաքի բնակիչ, իրենց մտերիմ շրջապատից եւ տղայի ընկերներից Արմեն Գրիգորյանին նշանակել է Փրկարար ծառայության Թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչություն պետ, ով մինչ այդ աշխատել է անչափահասների օպեր-լիազոր եւ որեւէ կապ չունի փրկարար ծառայության համակարգի հետ։ Ընդ որում, Ֆելիքս Ցոլակյանը մի քանի ամսվա ընթացքում Արմեն Գրիգորյանին արտահերթ զինվորական կոչումներ շնորհելով մայորից դարձրել է գնդապետ, ինչը ապշեցրել է համակարգի հնաբնակներին:

Ֆելիքս Ցոլակյանը «դիլխոր չի թողնում» նաեւ նախկին հանրապետական եւ մերձհանրապետական շրջանակներին։ Մասնավորապես, աշխատանքի է ընդունել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի որդուն, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի որդուն` Վարդան Պետրոսյանին նշանակել է Շենքերի, շինությունների պահպանման եւ տնտեսական վարչություն պետ։

Այս մեկ տարվա ընթացքում Ֆելիքս Ցոլակյանը աշխատակազմի քարտուղարի միջոցով նաեւ առանձին պարգեւավճարներ է հատկացրել իր ծանոթ-բարեկամներին։

Ստեղծված անառողջ մթնոլորտի, թայֆաբազության, արհամարական վերաբերմունքի պատճառով ազատման դիմում է գրել ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի երկարամյա պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը, ով համարվում է համակարգի ամենապրոֆեսիոնալ կադրերից մեկը եւ մեծ վաստակ ունի ԱԻՆ-ում։ Հովհաննես Խանգելդյանին լսել եւ նրա կարծիքը հաշվի են առել առանց բացառության բոլոր նախարարները, իսկ Ֆելիքս Ցոլակյանը «վերեւից է նայում» բոլոր հնաբնակներին եւ շփվում է միայն իր նշանակած մարդկանց հետ։ Հովհաննես Խանգելդյանը երկար ժամանակ չի կարողացել անգամ հանդիպել Ֆելիքս Ցոլակյանի հետ։ Լարվածություն է առաջացել նաեւ Ֆելիքս Ցոլակյանի եւ իր կողմից նշանակված նախարարի մամուլի քարտուղար, Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանի միջեւ։

Օրերս աշխատանքից ազատվել են Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պայմանագրային 7 աշխատակիցներ, որից հետո դիմել են Զարգարյանին, որպեսզի նա այդ 7-ից մեկի համար, ով փոխնախարար Արմեն Հարությունյանի ծանոթն է, գրավոր միջնորդագիր ներկայացնի որպես փորձագետ նորից աշխատանքի ընդունելու համար։ Էդմոն Զարգարյանը անսպասելի մերժել է միջնորդագիր ներկայացնել, նշելով, որ այդպիսով ստացվում է, որ աշխատանքից ազատվեցին միայն ծանոթ չունեցող պայմանագրայինները, եւ որ աշխատանքը կորցրած պայմանագրայինների հանդեպ ազնիվ չի լինի նրանցից մեկին կամ երկուսին հետ ընդունելը, եւ ասել է, որ քանի դեռ ինքը մամուլի քարտուղար է, վարչության ներսում անարդարություն եւ ծանոթ-բարեկամ չի հանդուրժելու։

Էդմոն Զարգարյանի այս «հանդգնությունից» Ֆելիքս Ցոլակյանը հունից դուրս է եկել։ ԱԻՆ աշխատակիցները երբեւէ այսպիսի հովանավորչության եւ թայֆաբազություն, ծանոթ-բարեկամների «շքերթի» ականատես չեն եղել։