ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ՝ կապված Սիրիայում նրա գործողությունների հետ, CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Մենք խաղաղությունը գերադասում ենք պատերազմից,- ասել է Պոմպեոն,- սակայն ռազմական գործողությունների անհրաժեշտության դեպքում, դուք պետք է իմանաք, որ նախագահ Թրամփն ամբողջովին պատրաստ է այդպիսի գործողությունների»։

Պոմպեոն հրաժարվել է անվանել «կարմիր գիծը», այսինքն՝ թե ինչը կարող է ԱՄՆ-ի ռազմական պատասխանը հրահրել՝ հայտարարելով, որ չի ուզում «առաջ անցնել նախագահի այն որոշումից, թե արժի արդյոք մեզ վրա հսկայական պատասխանատվություն վերցնել՝ օգտագործելով Ամերիկայի ռազմական հզորությունը»։ Նրա խոսքերով, Վաշինգտոնն օգտագործում է տնտեսական եւ դիվանագիտական միջոցները։ «Դրանք են մեր նախընտրությունը»,- ասել է Պոմպեոն։

Ավելի վաղ Թրամփը լրագրողներին ասել էր, թե ԱՄՆ-ը «երբեք չի համաձայնել քրդերին մինչեւ կյանքի վերջը պաշտպանել»։ «Թող նրանք ինքնուրույն պայքարեն»,- ասել էր Թրամփը։

ԱՄՆ-ը անցյալ շաբաթ Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումից հետո վերջինիս դեմ պատժամիջոցներ էր սահմանել։ Անցյալ հինգշաբթի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ Թուրքիան համաձայնել է հնգօրյա հրադադարի, քանի որ ԱՄՆ-ը խոստացել է նպաստել տարածաշրջանից քուրդ զինյալների դուրսբերմանը։ Դա քննադատության էին արժանացրել նույնիսկ Թրամփի կողմնակիցները՝ ասելով, որ ԱՄՆ-ը, լքելով իր դաշնակիցներին, Թուրքիային տվեց այն ամենը, ինչ նա ուզում էր։

Պոմպեոն պաշտպանել էր համաձայնագիրն՝ ասելով, թե ինքը «լիովին վստահ է, որ այդ աշխատանքը կյանքեր փրկեց»։ «Ոչ միայն քուրդ զինյալների, այլեւ տարածաշրջանում էթնիկ փոքրամասնությունների»,- նշել էր նա։