«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը հոկտեմբերի 18-ին հայտարարեց, որ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ազատել իրեն պաշտոնից: Որպես պատճառ նշել էր, թե «չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաեւ կադաստրի ոլորտը: Ցավով պետք է նշեմ, որ նախորդ մեկուկես տարում ինձ չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել մեր բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունը…

Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը` քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք` հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա եւ նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս` Ավետիք Էլոյանը, այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը-խմբ.) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների:

Եվ ես` որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլեւս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռեւս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ` հանրային դաշտում, իսկ ավելի ուշ որպես փորձագետ…»:

Ի՞նչ կոռումպացվածության եւ թայֆայության մասին է խոսքը: Ս. Պետրոսյանը զլանում է մանրամասնել. մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ, ով եւս պնդեց. «Շատ դժգոհ էի կադաստրի այսօրվա վիճակից»:

Երկրում քարտեզագրում չի արվել: Նա պատմեց, որ Արարատի մարզում արդյունաբերական կառույց են ուզում կառուցել, «որից հետո պետական բյուջե բավականին մեծ գումարներ մուտք կգործեն, աշխատատեղեր կբացվեն եւ այլն: Գյուղատնտեսության նախարարը գրում է, որ դեմ չէ՝ ղռեր են այդ հատվածում, իսկ կադաստրի ծառայությունը կտրականապես դեմ է: Այստեղ Հռոմի պապից ավելի քրիստոնյա ես ուզում երեւալ… Պետական մտածողության խնդիր է: Ու նման դեպքեր տասնյակից ավելին են»:

Երբ Վերմիշյանին փոխանցեցինք Սարհատ Պետրոսյանի պնդումները, թե քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք, նա զայրացավ. «Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի, որ քաղաքաշինությունից ինչ-որ բան ասի…»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում