ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել դատախազության բողոքը և մեկ ամիս առաջ «Հյուսիս-Հարավի» գործով գրավի դիմաց ազատ արձակված Տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Դատարանից NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ նախկին նախարարին ոստիկանների ուղեկցությամբ դատարանի շենքից տեղափոխեցին կալանավայր:

Նշենք, որ սեպտեմբերին քննիչը միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան Գուրգեն Սարգսյանին կալանավորելու համար, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը և Սարգսյանին ազատ արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Գուրգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Սարգսյանը Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի հետ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի հետ կնքել է երկու կեղծ պայմանագիր, ծառայությունների մատուցման կեղծ հաշիվներ, որոնցով «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»–ից դուրս են գրվել ապօրինի ֆինանսական միջոցներ։ Հետո դրանց ծագումը թաքցրել են տարբեր փոխանցումների ու կանխիկացումների միջոցով։