Անտառային տարածքների մեծացման նպատակով օգտագործվող գյուղատնտեսական հողերը պետք է բնակիչներին եկամուտներ բերեն: Հոկտեմբերի 22-ին «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» գագաթնաժողովի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի ղեկավար Ալեն Ամիրխանյանը:

Նրա խոսքով՝ հարցի կարեւորությունն այն է, թե ինչպես պահպանել անտառները: Բայց անտառային մակերեսների մեծացումը պետք է հատվի այն հարցին, թե որ հողերը կարող են օգտագործվել եւ ինչ ծառեր են տնկվելու: «200 հազար հա մակերեսով անտառ տնկելու համար անհրաժեշտ է մոտ 200 մլն ծառ: Այդ հողերը մեծանալու են, այդ թվում՝ գյուղատնտեսական հողերի կրճատման հաշվին: Սա խոսում է այն մասին, որ այս կամ այն տարածքում անտառների ստեղծումը պետք է հիմք դառնա տեղական բնակիչների համար եկամտի նոր աղբյուրի ստեղծման նպատակով»,- նշեց նա: