Վիտալի Բալասանյանը Արցախի պատերազմի հերոս է եւ այն հարձակումը, որ տեղի է ունենում նրա նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների միջոցով, ոչ այլ ինչ է, քան արցախյան հաղթանակի արժեքի նվազեցում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Դիտարկմանը, որ Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում ՀՀ առաջին նախագահ լեւոր Տեր-Պետրոսյանի գծի շարունակողն է, Շարմազանովն ասաց. «Ես երբեք Արցախի հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի կուրսի ջատագովը չեմ եղել, բայց նա մեր առաջին նախագահն է, ունեցել է իր կարծիքը: Նա, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ունեցել է եւ ունի խիզախություն իր կարծիքը հստակ ասել: Դեռեւս 1992 թվականի մարտի 5-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ին տված հարցազրույցում հստակ նշել է, որ ինքը դեմ չի լինի, եթե Արցախը որպես ինքնավար հանրապետություն լինի Ադրբեջանի կազմում: հետագայում նրա կողմնակիցները դա փորձեցին ներկայացնել որպես մարտավարական քայլ, քանի որ բարդ իրավիճակ էր: Բայց Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն տարբեր բան է ասում: Մենք ապրում ենք մի ղեկավարի ժամանակաշրջանում, որը առավոտյան մի բան է ասում, երեկոյան մի բան, ՄԱԿ-ի ամբիոնից մի բան է ասում, Ստեփանակերտում՝ լիվ այլ: Սա խայտառակություն է: 2018-ի մայիսի 9-ին Արցախում Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը պետք է լինի բանակցությունների լիիրավ կողմ: Ամիսներ անց համանախագահները քննադատեցին այդ մոտեցումը, Փաշինյանը լռեց: Նա Աժ-ում հայտարարեց, որ պետք է լինի այնպիսի որոշում, որը ձեռնտու լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդին, հետո օգոստոսին գնաց Ստեփանակերտ, ասեց՝ միացում, Արցախը հայաստն է եւ վերջ: Եթե ասել էիր, տեր կանգնեիր ասածիդ: Հետո գնաց ՄԱԿ, հայտարարեց, որ ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, որ պնդում է, որ լուծումը պետք է ձեռնտու լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդին: Հիմա ես միամիտ լոռեցի ընդդիմադիր գործիչս Նիկոլ Փաշինյանի որ հայտարարությունը հիմք ընդունեմ»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը՝ հավելելով. «Սա նույն բանն է, որ առավոտյան ուտես մեղր, ցերեկը՝ կծու բիբար, երեկոյան՝ խաշ»: