1990 թվականից ի վեր երկրագնդում անտառների մակերեսի կորուստը համադրելի է ՀԱՀ-ի տարածքին եւ 40 անգամ գերազանցում է Հայաստանի մակերեսը: Հոկտեմբերի 22-ին «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» գագաթնաժողովի ժամանակ այս մասին ասաց Օրեգոնի համալսարանի դասախոս Էնթոնի Դեյվիսը:

Նրա խոսքով՝ սա աշխարհում կայունության ճգնաժամի եւ կլիմայական ճգնաժամի առաջացման պատճառն է: «Խնդիրն այն է, որ մարդկությունը դադարել է գիտակցել, թե որտեղից է սնունդ, վառելիք եւ այլ նյութական բարիքներ ստանում: Հատկանշական է, որ բնական պաշարների գործածման աճի տեմպը մի քանի անգամ գերազանցում է բնակչության աճի տեմպը: Բնակչության 82 տոկոս աճի պարագայում փայտի գործածումն աճել է 30 տոկոսով, պողպատինը՝ 280 տոկոսով, ցեմենտինը՝ 509 տոկոսով»,- պարզաբանեց նա:

Գիտնականն ընդգծեց, որ ծառեր տնկելը եւ անտառների վերականգնումը պետք է այնպես արվեն, որպեսզի չվնասվի էկոհամակարգը, ինչի համար պետք է գիտական մոտեցումներ ցուցաբերել։ «Հայաստանի իշխանությունների ձգտումը՝ մինչեւ 2050 թվականը կրկնապատկել անտառային մակերեսները, վկայում է այն մասին, որ բոլոր նախագծերը պետք է մտածվեն արդեն այսօր։ Պետք է միավորել գիտական, կրթական եւ տեխնոլոգիական ներուժը նշված նպատակներին հասնելու համար։ Անտառների վերականգնման համալիր մոտեցման կիրառումը թույլ կտա լուծել ոչ միայն Հայաստանի էկոլոգիական խնդիրները, այլեւ կարող է դառնալ նոր աշխատատեղերի ստեղծման հիմք եւ ապահովել տեղի բնակչության զբաղվածությունը»,- ավելացրեց Դեյվիսը։