Հոկտեմբերի 22-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հարավ-արեւելք ընկած հատվածում:

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ Միխայիլ Օլարուն (Մոլդովա): 

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա) եւ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: