Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Թուրքիային կոչ է արել վերջնականապես դադարեցնել Սիրիայի հյուսիս-արեւելքում մարտական գործողությունները եւ հետեւել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին: Նա այսպիսի ուղերձով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող Եվրախորհրդարանի նստաշրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«ԵՄ-ն դատապարտել է Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի միակողմանի մարտական գործողությունները: Ոչ ոք մոլորության չի մատնվում, այսպես կոչված, հրադադարի կապակցությամբ»,- ասել է Տուսկը, որի ելույթը հեռարձակվել է ԵԽ կայքում: Տուսկի խոսքով՝ «ցանկացած այլ ճանապարհը նշանակում է մարդկային անթույլատրելի տառապանքներ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հաղթանակ եւ եվրոպական անվտանգության համար սպառնալիք»:

«ԵՄ-ն նաեւ վերահաստատում է իր լիակատար համերաշխությունը Կիպրոսի հետ՝ կապված նրա ափերին Թուրքիայի ապօրինի հորատման աշխատանքների հետ»,- հավելել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:

Անկարան հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության անցկացման մասին՝ այնտեղ բուֆերային գոտի ստեղծելու նպատակով: Այն պետք է դառնա թուրքական սահմանի համար պաշտպանական գոտի: Անկարայի մտահղացմամբ՝ Թուրքիայից այս շրջան պետք է վերադառնան սիրիացի փախստականները: Դամասկոսը գործողությունն ագրեսիա է անվանել, միջազգային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները:

Հոկտեմբերի 17-ին Միացյալ Նահանգները եւ Թուրքիան համաձայնության եկան մարտական գործողությունները դադարեցնելու շուրջ: Թուրքիան համաձայնեց 120 ժամով դադարեցնել կրակը, որպեսզի քրդական ջոկատները, որոնք մտնում են «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» կոալիցիայի մեջ, հեռանան Անկարայի կողմից ստեղծվող անվտանգության սահմանամերձ գոտուց։