Ադրբեջանի կառավարությունը բողոքի խաղաղ ակցիաների ընթացքում մարդու իրավունքների լիակատար անտեսում է ցուցաբերել: Այս մասին ասվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ոստիկանությունը 2019-ի հոկտեմբերի 19-ին եւ 20-ին Բաքվի կենտրոնում ցրել է 2 խաղաղ ցույց, ձերբակալվել եւ դաժանորեն ծեծվել են տասնյակ խաղաղ ընդդիմադիրներ եւ քաղաքացիական ակտիվիստներ: Ձերբակալվածների թվում է ընդդիմադիր Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, որը բազմաթիվ վնասվածքներ է ստացել եւ կալանքի տակ է պահվել մի քանի ժամ:

«Ադրբեջանի կառավարությունը եւս մեկ անգամ ցույց տվեց մարդու իրավունքների լիակատար անտեսում: Իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն բոլոր ցուցարարներին եւ հետաքննեն իրավապահ մարմինների կողմից կոշտ վերաբերմունքի մասին ցանկացած հայտարարություն»,- հայտարարել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով HRW տնօրենի տեղակալ Գեորգի Գոգիան:  

Բացի այդ, հոկտեմբերի 19-ի հանրահավաքից առաջ իշխանություններն ընդդիմադիր կուսակցությունների առնվազն 10 բարձրաստիճան անդամի են ձերբակալել: Նրանց թվում է ընդդիմադիր հայտնի լրագրող Սեյմուր Հազին, ում 15 օրվա վարչական կալանք է նշանակվել:

Ոստիկանները ցրել են նաեւ քաղաքի կենտրոնում հավաքված տասնյակ իրավապաշտպանների: Ցուցարարները, մասնավորապես, ցանկացել են լուսաբանել Լեյլա Մամեդովայի սպանությունը, ում ամուսինը նրան սպանել է նրա երեխաների եւ անցորդների աչքի առջեւ:

Չնայած նրան, որ Ադրբեջանի սահմանադրությունը ենթադրում է, որ խմբերը կարող են խաղաղ ցույցեր անցկացնել համապատասխան պետական մարմնին ծանուցելուց հետո, գործնականում իշխանությունները պահանջում են, որպեսզի հավաքները իշխանությունների կողմից տրված թույլտվություն ունենան:

«Չնայած ցույցն արտոնված չէր, ոստիկանությունը չպետք է ուժ կիրառեր ցուցարաներին ցրելու համար, որոնք որեւէ սպառնալիք չէին ներկայացնում: Հավաքների ազատությունը հիմնարար իրավունք է, եւ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են հանդուրժել խաղաղ ցույցերը, նույնիսկ Բաքվի կենտրոնում»,- ասել է Գոգիան: