Armenia Tree Project-ի 25-ամյակի կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Մարգահովիտի անտառի տարածքում «Մուգարի պուրակ»-ի ստեղծման վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խոսելով Armenia Tree Project-ի մասին՝ իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ ցանկանում հայտնել ամերիկահայ բարերար, հասարակական գործիչ ու ԱՄՆ-ում հայանպաստ օրակարգի առաջամարտիկ Քերոլայն Մուգարին՝ Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող այս ծրագրի սկիզբը դնելու համար: Անգնահատելի է Ձեր կատարած աշխատանքը, տիկին Մուգար, նաեւ որպես Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ուղղված ԱՄՆ-ում Հայաստանին վերաբերող խնդիրների բարձրաձայնմանը,  Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարին, ԱՄՆ-Հայաստան ու ԱՄՆ-Արցախ երկխոսության զարգացմանը: Ձեր բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններն ու ծրագրերը Հայաստանի անկախությունից ի վեր նպաստել են երկրի զարգացմանը:

Օգտվելով այս առիթից՝ ցանկանում եմ հայտնել, որ Armenia Tree Project-ի 25-ամյակի կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Մարգահովիտի անտառի տարածքում «Մուգարի պուրակ»-ի ստեղծման վերաբերյալ:

Շնորհավորում եմ Ձեզ, տիկին Մուգար, մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ ու Ձեր բոլոր երազանքների, մտահղացումների իրականացում:

Ավարտելով խոսքս՝ հարգելի ներկաներ, վերստին ցանկանում եմ ողջունել այսօրվա միջոցառման բոլոր մասնակիցներին եւ մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք: Ցանկանում եմ նաեւ մեր երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ով մասնակցություն է ունեցել այս հիասքանչ միջոցառման կազմակերպման գործում:

Նշենք, որ «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի հանձնառությանը՝ կրկնապատկելու երկրի անտառային մակերեսը մինչեւ 2050 թվականը, նաեւ ակտիվ քննարկումներ ծավալել աշխարհում անտառների պահպանության եւ վերականգնման խնդիրների շուրջ: Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն է անտառագիտության ոլորտում հետազոտական եւ կրթական գործունեություն ծավալող աշխարհի առաջատար հաստատություններից մեկի՝ Օրեգոնի պետական համալսարանի Անտառագիտության քոլեջի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էնթընի Ս. Դեյվիսը:

Միջոցառմանը մասնակցում են նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր «Կանաչ գոտի շարժում» քենիական ծրագրի, ամերիկյան «Woods Hole» հետազոտական կենտրոնի, իսրայելական KKL-JNF բնապահպանական կազմակերպության, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Կանաչ կլիմայի հիմնադրամի եւ «Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնություն» կազմակերպության ներկայացուցիչները: Համաժողովի օրերին կազմակերպվելու են այցելություններ Դիլիջան ազգային պարկ, «Էյ Թի Փի»-ի տնկարաններ, ծառատունկի վայրեր: