Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին էր զանգահարել Էջմիածնի Չարենցի թաղամասի մի կին բնակիչ եւ հայտնել, որ մուտքի դռան փականը կոտրել են ու գողացել հեռուստացույցը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին կինը հայտնել էր, թե տղան է ոգելից խմիչքի ազդեցության տակ կոտրել դուռն ու տարել հեռուստացույցը, եւ ինքը որեւէ բողոք չունի:

Վաղարշապատի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 21-ին, ժամը 12.30-ին, գողություն կատարելու կասկածանքով նույն թաղամասի իրենց տան բակից բաժին բերման են ենթարկել 17-ամյա մի պատանու, որը կնոջ հետ ազգակցական որեւէ կապ չունի:

Ըստ նախնական տվյալների՝ հենց նա է հոկտեմբերի 18-ին դռան փականը կոտրել ու գողացել հեռուստացույցը՝ պատճառելով 250 հազար դրամի վնաս:

Տուժած կնոջից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: