Ոստիկանության զորքերում զինծառայողների ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ հատուկ պատրաստության նպատակով պարբերաբար մարտավարամասնագիտական զորավարժություններ են կազմակերպվում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 21-ին ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանի գլխավորությամբ հերթական զորավարժությունն անցկացվեց հասարակական կարգի պահպանության զորամասում:

Ըստ պայմանական իրադրության` քաղաքի բանուկ հատվածներից մեկում չարտոնված հավաքը դուրս է եկել կազմակերպիչների վերահսկողությունից, մասսայական անկարգություններ են տեղի ունենում, եւ հասարակական կարգը վերականգնելու անհրաժեշտություն կա:

Հատուկ օպերացիայի կազմակերպումից առաջ զորամասի հրամանատարը զորքերի ղեկավար կազմին է ներկայացնում ստեղծված իրավիճակը, անկարգություններ հրահրող անձանց գործողությունների բնույթը: Որոշվում է, որ օպերացիան պետք է անցկացնի երրորդ գումարտակը:

Գումարտակի հրամանատարը զեկուցում է ղեկավար կազմին, թե խմբակային խախտումների ակտիվ մասնակիցներին եւ կազմակերպիչներին մեկուսացնելու ուղղությամբ ինչ գործողություններ են պատրաստվում ծավալել` միաժամանկ ներկայացնելով, թե, ինչպիսի հատուկ միջոցներ ու մարտական ինչ տեխնիկա է անհրաժեշտ, ուժերի տեղաբաշխումն ինչպես է պատկերացնում:

Օպերատիվ պլանը հավանության է արժանանում: Հատուկ գումարտակն անցնում է առաջադրված խնդրի իրականացմանը:

Հասարակական կարգը պայմանականորեն խախտածները նույնպես ոստիկաններ են, միայն թե` քաղաքացիական հագուկապով:

Ոստիկանների զգուշացումներին հակառակ` մասսայական անկարգությունները շարունակվում են: Կարգազանցների ձեռքին մահակներ եւ վառելանյութով շշեր կան: Նախազգուշացնելուց եւ բավարար ժամանակ տալուց հետո ոստիկանության զորքերի ծառայողները սկսում են համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Լուսաձայնային հատուկ միջոցներ, ջրցան մեքենա... Հասարակական կարգի խմբակային խախտումների ակտիվ մասնակիցները մեկուսացվում են եւ տեղափոխվում ոստիկանության տարածքային բաժիններ:

Հասարակական կարգը վերականգնված է: Հնարավոր անկարգություններից խուսափելու համար ոստիկանները փշալարերով փակում են փողոցը` ենթադրյալ փողոցը: Չէ՞ որ այս ամենը վարժանք է` գործող անձինք ու հանգամանքերը` պայմանական:

Միջոցառումից անմիջապես հետո հրամանատարական կազմը ամփոփեց զորավարժության արդյունքները: Մարտական առաջադրանքը կատարված էր: