Լավ աշխատող նախարարները պետք է արժանիորեն վարձատրվեն։ Այս մասին լրագրողների հետ հոկտեմբերի 22-ի հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ մեկնաբանելով  տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի վարչապետը գաղտնի բարձրացրել է նախարարների աշխատավարձը։

Նրա խոսքով, եթե պաշտոնյաները դրսեւորել են իրենց, ապա դա պետք է արտացոլվի վարձատրման մեջ։ «Այլ բան է, որ պետական ապարատում կան մարդիկ, ովքեր պետք է վաղուց դուրս մղված լինեին։ Դա վերաբերում է շատ ոլորտների, այդ թվում եւ գիտության ու կրթության ոլորտին։ Այդ ոլորտում կոռումպացված եւ ոչ պրոֆեսիոնալ անձանց առկայության, ինչպես նաեւ անտարբեր վերաբերմունքի պատճառով գիտությունը գտնվում է կրիտիկական վիճակում»,- նշել է նա՝ ավելացնելով, որ քննադատության արժանի է նաեւ Գիտությունների ակադեմիայի ղեկավարությունը, որն անգործության է մատնված եւ իրեն է վերագրում առանձին գիտնականների ձեռքբերումները։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի կարգադրությամբ էապես բարձրացել են նախարարների, փոխնախարարների, նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Կարգադրություն արվել է ընթացիկ տարվա հուլիսին։ Իշխանություններն առայժմ այս սկանդալային տեղեկությունը չեն հերքել։