ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ԱԺ-ում ներկայացրեց, թե ինչու են դեմ արտահայտվել եւ մերժել «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրինագիծը, որով առաջարկվում էր հնարավորություն տալ, որ հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի հետ վերադարձի հնարավորությունից օգտվեն ոչ միայն վարձու աշխատողները, այլեւ քաղիրավական պայմանագրով աշխատողները:

Թունյանն այս առնչությամբ ասաց. «Ենթադրենք մեկը եկել է այս սենյակը վերանորոգելու, որի համար ես նրան տվել եմ 300 հազար դրամ կանխավճար: Սենյակը նորոգում է, հետո պետությունից համապատասխան չափով եկամտային հարկը հետ է ստանում, որ հիփոթեքային վարկի տոկոսները փոխհատուցի: Հետո պարզվում է աշխատանքը վատ է արել եւ գումարը հետ է վերադարձնում: Հիմա պետությունը ոնց պետք է այդ մարդուն գտնի, որ իր տվածը հետ վերցնի:

Երկրորդ օրինակը, լինում են դեպքեր, երբ քաղիրավական պայմանագիրը կնքվում է շատ երկար ժամանակով, օրինակ 1,5 տարով: Ասենք, փաստաթղթերով ձեւակերպված է, որ գումարը պետք է տրվի 6 ամիս, կամ 9 ամիս հետո: Փոխհատուցման ժամանակ հաշվի չեն առնելու, թե այդ գումարը եռամսյակների միջեւ է բաշխված եղել, թե ինքը 1,5 տարի է աշխատել կամ մի քանի տարի: Նա մեկ անգամ է այդ գործիքից օգտվելու: Այսինքն քաղիրավական պայմանագրով աշխատողները չեն կարողանալու այդ գումարները հետ ստանալ:

Մենք ասում ենք, որ ճիշտ է, որ մարդը, ով աշխատում եւ հարկ է վճարում, նման եւս պետք է հնարավորություն տալ այդ արտոնությունի օգտվել: Դրա համար մենք ասում ենք՝ կներդրվի համատարած եկամուտների հայտարարագրման ինստիտուտը եւ ամեն ինչ արդար կլինի»:

Նա պարզաբանեց, որ այդ դեպքում ամեն մարդ հայտարարագրում է, թե ամեն տարի ինչքան եկամուտ է ստացել ամենատարբեր աղբյուրներից. «Ասենք ստացել է մեկ մլն դրամի եկամուտ: Հետո հայտարարրում է, թե ինչ ծախսեր է կատարել սննդի վրա, մշակույթի վրա, կրթության վրա, նաեւ հիփոթեքային վարկի վրա: Պետությունը սահմանում է ծախսերի  առաջնահերթություններ եւ եթե պարզվի, որ այդ 1 մլն դրամի ծախսերի 300 հազար դրամը ծախսել է առաջնահերություն համարվող ուղղություններով, այդ 300 հազար դրամի համար հարկ չենք ուզում: Այսինքն, ոչ թե հարկն ենք նվազեցնում, այլ հարկման բազան: Սա հնարավորություն է տալու ավելի հասցեական օգնություն ցուցաբերել մարդկանց: Իսկ այսօրվա գործող կարգավորումներով, մարդը ինչքան մեծ արժեքով գույք է գնում, այնքան պետությունն իրեն ավելի շատ է աջակցում»:

Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման ուղղությամբ կոնկրետ քայլեր կարվեն արդեն 2020 թվականի սկզբին: