«Ryanair»-ի մուտքը հայկական շուկա դրական կազդի զբոսաշրջության վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ դա կոնկրետ առավելություններ կստեղծի զբոսաշրջության աճի համար: Մանասերյանը հավելեց, որ խոսակցությունները, թե ընկերությունը ինչ-որ դոտացիաներ է ստացել պետության կողմից, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ընկերությանը դրանք պետք չեն:

Փորձագետը նշեց, որ Հայաստանում զբոսաշրջությունն այն քիչ ոլորտներից մեկն է, որը ցուցաբերում է կայուն զարգացում, ինչը շատ կարեւոր է՝ հաշվի առնելով տնտեսության վրա համակարգային ազդեցությունը: «Մեկ զբոսաշրջիկը 12-15 լրացուցիչ աշխատատեղ է ստեղծում: Դա հեռանկարային ուղղություն է Հայաստանի համար: Կարեւոր է զարգացնել ոչ միայն ավանդական տուրիզմը, այլ նաեւ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բժշկական եւ գիտակրթական տուրիզմը»,- նշեց Մանասերյանը:

Հիշեցնենք, որ հայկական շուկա իռլանդական բյուջետային «Ryanair» ավիաընկերության մուտքի մասին հայտարարվել է հոկտեմբերի 16-ին: Ավելի ուշ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ՀՀ իշխանություններն արեւմտյան ընկերությանն ազատել են «օդի տուրքից», ինչը քննադատության առիթ է հանդիսացել: