Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացող Ժան-Կլոդ Յունկերը քննադատել է ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերման գործընթացը: «Բրյուսելի հետ ավելի քան 3 տարի տեւած բանակցությունները ժամանակի եւ էներգիայի զուր վատնում էին»,- ասել է Յունկերը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հաղորդում է DW-ը:

Հիշեցնելով, որ ինքը բացմիցս ստիպված է եղել ԵՄ խորհրդարանի առջեւ բրեքզիթի թեմայով ելույթ ունենալ, Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ միշտ ափսոսելու է Լոնդոնի որոշման համար: «Մենք կարող ենք նայել հայելու մեջ եւ վստահ լինել, որ արել ենք ամեն ինչ, որպեսզի դա կարգավորված ելք լինի»,- ասել է նա:

Իր հերթին, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ Բրյուսելը երբեք չի համաձայնի բրեքզիթի կոշտ տարբերակի հետ: «Առանց գործարքի բրեքզիթը երբեք մեր որոշումը չի լինի»,- ասել է Տուսկը՝ նշելով, որ այդ մասին արդեն հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին:

Հոկտեմբերի 19-ին արտակարգ նիստի ընթացքում բրիտանացի խորհրդարանականները հավանություն են տվել փոփոխությանը, որը երկրի վարչապետին պարտավորեցնում է խնդրել ԵՄ-ին հետաձգել բրեքզիթը՝ հոկտեմբերի 31-ից ավելի ուշ ժամկետով, որպեսզի երկիրը խուսափի ԵՄ կազմից դուրսբերումից հետո քաոսից: Լոնդոնի կառավարությունը Բրյուսել համապատասխան նամակ է ուղարկել, սակայն առանց վարչապետի ստորագրության:

Միեւնույն ժամանակ, Ջոնսոնի երկրորդ նամակում ասվում է, որ նա սխալ քայլ է համարում հետաձգումը եւ մտադիր է մինչեւ ամսվա վերջ խորհրդարանով անցկացնել Բրյուսելի հետ համաձայնեցված համաձայնագիրը:

Սկզբնապես Մեծ Բրիտանիան պետք է դուրս գար ԵՄ կազմից մարտի 29-ին: Ապրիլին ԵՄ 27 երկրներ համաձայնեցին հետաձգել ժամկետը մինչ հոկտեմբերի 31-ը: Բրիտանական կառավարության նոր ղեկավարը բազմիցս հայտարարել է ցանկացած հանգամանքում, այդ թվում նաեւ առանց Բրյուսելի հետ համաձայնության բրեքզիթն  իրականացնելու մտադրության մասին: