Ուժայինների հրաժարականները,- իսկ երկիրը հիմա ապրում է առանց ոստիկանության ղեկավարի, առանց ԱԱԾ ղեկավարի եւ առանց պետական անվտանգության ծառայության ղեկավարի,- լուրջ քաղաքական ճգնաժամ է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ երբ հեղափոխություններ են կատարվում, ապա իշխանության են գալիս շատ տարբեր մարդիկ: «Հայաստանում հեղափոխության շարժիչը մի քանի տասնյակ մարդիկ էին, իսկ անհրաժեշտ են տասնյակ հազարավոր պաշտոնյաներ: Հասկանալի է, որ նրանք ուղեկցողների ուղեկցողներն են, որոնք անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում են հայտնվել: Մարդիկ, որոնք պատահաբար են հայտնվել իշխանության մեջ: Դե, մենք չէ՞ որ գիտենք, թե դա ինչպես է տեղի ունեցել: Այդպիսի մարդիկ չեն կարող հետո հակասության մեջ չհայտնվել: Կենցաղային բառապաշարով դա արտահայտվում է հետեւյալ արտահայտությամբ՝ հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Ինչպե՞ս է խժռում: Այ այսպես: Երբ իշխանության մեջ են հայտնվում մարդիկ, ովքեր եղել էին բողոքի մենեջերներ: Նրանք պետական կառավարման մասին ինչ-որ պատկերացումներ ունեն: Եվ ահա նրանք գալիս են ու սկսում ցուցումներ տալ պրոֆեսիոնալներին: Իսկ այդ պրոֆեսիոնալները այլ խմորի մարդիկ են՝ այլ կենսագրություններով: Նրանք սկսում են արգելակել վերեւից եկած հրահանգները, սկսվում է հակասությունը: Եվ նրանք դուրս են մղվում իշխանությունից: Սրանք դեռեւս ծաղիկներն են: Ամեն ինչ առջեւում է: Իշխանությունը կպառակտվի: Մարդիկ այնտեղից դուրս կգան: Սա իրադարձությունների բնական ընթացք է: Դե, ինչպե՞ս է հնարավոր 10 հազար մարդու հավաքել, եւ նրանք մեկ տարի հետո չվիճեն»,- նշեց Իսկանդարյանը:

Քաղաքագետն արձանագրեց, որ ժողովրդական լայն զանգվածները հեղափոխությունից այլեւս տնտեսական սպասումներ չունեն: «Մինչդեռ դա կար: Հեղափոխականներն ուղիղ չէին ասում, որ մենք կգանք, եւ այստեղ Շվեյցարիա կդառնա: Բայց նրանք ասում էին «Մերժիր Սերժին», այսինքն՝ շեշտը դրվում էր նրա վրա, ում պատճառով վատ է: Հույսերը նվազում են»,- նկատեց քաղաքագետը:

Խոսելով կալանավորումների մասին՝ Իսկանդարյանը հիշեց «հացի եւ տեսարանների» հայտնի արտահայտությունը: «Սա էլ կդադարի գործել: 70 կալանավորումից հետո մարդակց սա եւս կսկսի ձանձրացնել»,- կանխատեսեց Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա քաղաքագետը հիշեցրեց, որ այն սկսվել է 2017 թվականից եւ շարունակվում է: «Բայց երբ ես խոսում եմ սպասումների մասին, դրանք միանգամայն այլ բնույթի են: Նման կարգի փոփոխություններ տնտեսության մեջ չեն լինում: Չի կարելի կոճակը սեղմել եւ Զիմբաբվեն դարձնել Շվեյցարիա, եւ հակառակը»,- ամփոփեց Ալեքսանդր Իսկանդարյանը: